Հեռացնե՞լ փշերը, թե՞ Հայաստանին տալ հատուկ ձեռնոց. ԵՄ դիրքորոշումը





ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Երևանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է ապրիլի 25-ին Բաքու կատարած այցին, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այնտեղ քննարկել է հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հարցը: Կայա Կալլասը ասել է, որ Բաքվում ինքը քննարկել է այդ հարցը:

«Մենք երկխոսում ենք փոխկապակցվածության մասին և քննարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնք կարող են առկա լինել երկու երկրների համար, և նաև Եվրոպային կապելու Կենտրոնական Ասիայի հետ այս գործընթացն այդ համատեքստում ամփոփվի հնարավորինս արագ», ասել է Կալլասը: Կալլասը Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ քննարկել է Կենտրոնական Ասիայի հետ Եվրոպայի կապն ու այդ հարցում Ադրբեջանի կարևոր դերակատարումը:

Բայց ինչպե՞ս է Կայա Կալլասը, ավելի շուտ՝ Եվրամիությունը տեսնում այդ կապը, ի՞նչ տրամաբանությամբ, ի՞նչ ռեժիմով: Սա է առանցքային հարցը, որովհետև հետաքրքրությունն ակնառու է, և այդ մասին նաև Բրյուսելը հայտարարել է շատ բաց՝ դիտարկելով այդ կապը ռազմավարական առաջնահերթություն: Բայց այստեղ կան շատ իքսեր՝ սկսած Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներից, մինչև Իրան, Ռուսաստան ու անգամ Չինաստան: Ի դեպ, երկու օր առաջ հենց Չինաստանից է վերադարձել Հայաստանի ԱԳ նախարարը: Իսկ դա ուշագրավ է, ոչ միայն այն պատճառով, որ երկու օր անց հանդիպում է Կալլասին, այլ նաև գլխավորապես այն պատճառով, որ Չինաստանն էլ իր հերթին է Միջին միջանցքի շահառու:

Ավելին, ապրիլի 25-ին Կալլասի Բաքու այցն էլ անմիջապես հաջորդեց Իլհամ Ալիևի Պեկին կատարած այցին: Կալլասի երևանյան հայտարարությունը հուշում է, որ ԵՄ-ի համար Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ունի մեկ գլխավոր նշանակություն՝ ճանապարհ դեպի հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգում համաձայնություններ: Սակայն այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ քաշած մի շարք պայմաններով ու ենթապայմաններով, այլ կերպ ասած՝ Հայաստանի համար փշերով:

Եվրամիությունն, անկասկած, պատկերացնում է, որ այդ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են: Սակայն բուն հարցն այն է, թե ինչպիսին է օրինակ Բրյուսելի պատկերացումը այդ խնդրի հնարավոր լուծումների վերաբերյալ՝ օգնել հեռացնե՞լ փշերը, թե՞ Հայաստանին տրամադրել «հատուկ ձեռնոցներ», որ չզգացվի դրանց ծակոցը:

Leave a Comment