Միլիարդատեր Իլոն Մասկը, որը հայտարարել էր, թե հեռանում է քաղաքական ուշադրության կենտրոնից, հայտարարել է, որ եթե «խելահեղ ծախսային օրինագիծն (հարկերի ու ծախսերի մասին- AT) ընդունվի, հաջորդ օրը կստեղծվի «Ամերիկա» կուսակցությունը»։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Երբ Սենատում քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած օրինագիծը, Մասկը սոցիալական ցանցում կտրուկ նախազգուշացում է արել։
«Կոնգրեսի այն բոլոր անդամները, ովքեր քարոզարշավում խոստանում էին կրճատել պետական ծախսերը, բայց հետո քվեարկեցին պատմության մեջ պետական պարտքի ամենամեծ ավելացման օգտին, պետք է ամաչեն»,- գրել է նա:
Թրամփի նախկին դաշնակիցն այնուհետև շեշտել է, որ Միացյալ Նահանգներին այլընտրանք է պետք Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններին:
Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ՝ Սենատի օրինագիծը հաջորդ տասնամյակում կավելացնի դեֆիցիտը մոտ 3.3 տրիլիոն դոլարով։ Փաթեթը ներառում է ավելի խորը հարկային կրճատումներ, ավելի քիչ ծախսերի կրճատում և դրույթներ, որոնք կարող են ավելացնել բյուջետային մուտքերը։ Սպիտակ տան պնդմամբ՝ օրինագիծը «կրճատում է դեֆիցիտը և պետական պարտքը՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճը»։
Մի քանի շաբաթ առաջ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Մասկը X-ում առաջարկել էր ստեղծել նոր քաղաքական կուսակցություն։ Նրա առաջարկը՝ աջակցել այն թեկնածուներին, ովքեր մտադիր են նախնական ընտրություններում պայքարել գործող կոնգրեսականների դեմ, ամենաբացահայտ քաղաքական սպառնալիքներից մեկն է իր կողմից՝ Սպիտակ տան խորհրդականի պաշտոնից հեռանալուց հետո։ 2024-ի ընտրություններում Մասկը ավելի քան 275 միլիոն դոլար է ծախսել Թրամփի և այլ Հանրապետական թեկնածուների աջակցման համար:
Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում էր ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, մայիսի 29-ին հայտնել էր ԱՄՆ վարչակազմը լքելու մասին: Դրանից հետո նրա և Թրամփի միջև հրապարակային քննադատություններ էին սկսվել:
