Վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկ նշանակության ուժերը ներխուժել են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն՝ Էջմիածին, որպեսզի ձերբակալեն Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, որոնք, ենթադրաբար, հնչել են նրա նախկին հարցազրույցում: Էջմիածնում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և այնտեղ հավաքված մարդկանց միջև:
Հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը mk.ru-ի հետ զրույցում կիսվել է իրավիճակի իր տեսլականով:
«Փաշինյանն իրեն ցուգցվանգի իրավիճակի մեջ է գցել,– բացատրել է փորձագետը,- շախմատում այդ տերմինը նկարագրում է մի իրավիճակ, երբ ցանկացած քայլ միայն վատթարացնում է խաղացողի դիրքը: Նա կոնֆլիկտի մեջ է մտել կաթողիկոսի հետ, և դա սարսափելի, վիրավորական, զզվելի կոնֆլիկտ է: Եվ կոնֆլիկտ է եկեղեցու հետ՝ որպես հասարակության ինստիտուտի: Սա, իմ կարծիքով, նրա վերջի սկիզբն է: Նա չի կարող հեռանալ դրանից, դա նրան ավելի է վարկաբեկում հաջորդ տարվա ընտրություններից առաջ։ Սակայն եկեղեցու հետ իր բախմամբ նա արդեն անցել է բազմաթիվ «կարմիր գծեր»։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Կաթողիկոսի ձերբակալությո՞ւնը։ Փաշինյանը թիրախավորել է հազարամյա պատմություն ունեցող եկեղեցին, այն, ինչը ժողովրդի առօրյա գոյության հիմքն է, բայց նա ակնհայտորեն գերագնահատել է իր ուժը։ բանն այն է, որ երբ անբարոյականն արժանի հակահարված չի ստանում, նա ավելի ու ավելի է անամոթ դառնում, սակայն այս դեպքում նա անսպասելիորեն հանդիպել է լուրջ արձագանքի»։
Մասնագետը նաև ընդգծել է, որ Փաշինյանը, հավանաբար, ինքնուրույն չի գործում։
«Ամենայն հավանականությամբ, ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ նա գործում է Էրդողանի որոշակի հրահանգների համաձայն, որոնք նա ստացել է Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Թուրքերին դուր չի եկել կաթողիկոսի ելույթը Շվեյցարիայում, որում նա կրոնական առաջնորդներին և միջազգային հանրությանը պատմել է Ղարաբաղի և հայ ժողովրդի ողբերգության մասին։ Հավանաբար, Փաշինյանն արդեն այնքան է վստահ եղել իր մեծության մեջ, որ որոշել է, որ կարող է եկեղեցին ևս հեշտությամբ ենթարկեցնել այնպես, ինչպես արդեն ենթարկեցրել է դատական համակարգը։ Նա մի անգամ բացահայտ հայտարարել է, որ Հայաստանում չկա որևէ դատավոր, որը կհամարձակվի չկատարել իր հրամանները: Հիմա նա որոշել է, որ կարող է նույն կերպ ենթարկեցնել նաև եկեղեցուն: Ավելին, Թուրքիայում Հայ Առաքելական Եկեղեցին է համարվում Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հիմնական խոչընդոտներից մեկը: Եկեղեցին ժողովրդի հիշողության, պատմության կրողն է, այդ թվում Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշողության: Չէ՞ որ եկեղեցին սրբադասել է ցեղասպանության բոլոր մեկուկես միլիոն զոհերին: Քանի դեռ եկեղեցին ունի նման ազդեցություն, հայ ժողովրդի դիմադրության ոգին դժվար կլինի կոտրել: Եկեղեցին նաև համահայկական մշակութային արժեքների կրողն է, իսկ Թուրքիայում մնացել են հայկական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, և Թուրքիան պահանջում է մոռանալ դրանց մասին,– կարծում է Միհրանյանը,- նրանց երկրորդ պահանջը Հայաստանի և սփյուռքի միջև կապերի խզումն է: Թուրքիայում հայկական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ուղղակիորեն ասել է. հույսը մի՛ դրեք մեզ վրա, ինքներդ լուծեք ձեր խնդիրները: Հենց սա է, ինչին փորձում են հասնել թուրքական իշխանությունները: Հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին, որը կարող է շատ բանի վրա ազդել իր միջազգային կապերի միջոցով: Ահա թե ինչու է Փաշինյանն այսօր սկսել այս երկու արշավները՝ եկեղեցու և սփյուռքի դեմ: Ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանը հայկական սփյուռքի ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նրա ձերբակալությունը ազդանշան է սփյուռքի համար. մենք ձեզ այստեղ՝ Հայաստանում, չենք սպասում»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը