Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից


Հուլիսի 8-ին Շիրակի մարզային խորհրդի նիստին մասնակցեցին մարզի 6 համայնքի 5-ի ղեկավարները: Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը ներկա չէր: Նիստին չմասնակցեց նաև համայնքապետարանի որևէ ներկայացուցիչ:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առուշանյանն ասաց՝ ինչպես մյուս բոլոր համայնքապետերը, Գյումրունը ևս պատշաճ իրազեկված է եղել: Այս նիստին ներկա լինելը յուրաքանչյուր համայնքապետի պարտականությունն է:

«Մենք պատշաճ հրավիրել ենք, ծանուցել ենք, չներկայանալը չեմ կարող մեկնաբանել: Չեմ կարծում, որ նման աշխատաոճը լծակներով պատժելու կարիք ունի, էստեղ փոխադարձ հարգանքի մասին է խոսքը: Մարզպետարանը որպես վերադաս մարմին և Կառավարության ներկայացուցիչ, բնականաբար ունի հնարավորություն հարգանքին պատասխանել հարգանքով, անարգանքին՝ անարգանքով»,- ասաց Առուշանյանը:

Ղուկասյանը մշտապես հայտարարել է՝ եթե մարզպետարանից իրեն կանչեն, հրավիրեն՝ կգնա: Հիմա նիստին հրավիրվել է, բայց չի ներկայացել: Ինչպես կարելի է հասկանալ:

Առուշանյանն իրեն ուղղված հարցին ասաց՝ հրավիրվել են բոլոր համայնքների ղեկավարները, չգալու հարցի պատասխանը գուցե Ղուկասյանը կունենա:

«Անմեղության կանխավարկածն էլ հիմա չխախտենք, գուցե այլ միջոցառումներ կան, ամեն դեպքում մարզխորհրդի նիստը պատշաճ ծանուցվել է ժամանակի մեջ և բոլոր համայնքների ղեկավարներն իմացել են, որ այսօր նիստ կա, որին մասնակցելը կարևոր է, նույնիսկ պարտադիր»,- ասաց մարզպետը:

Դրսում միմյանց բարևո՞ւմ են Առուշանյանն ու Ղուկասյանը:

Մարզպետն ասաց՝ Գյումրիում որևէ մեկի հետ ինքը խնդիր չունի:

«Ես որևէ մեկի հետ Շիրակի մարզում և Գյումրիում խնդիր չունեմ, բարևն Աստծունն է, բոլորս էլ իրար բարևում ենք: Վստահ եմ, որ նման խնդիր չեմ էլ ունենալու: Ես գյումրեցի եմ, լեննականցի եմ, շփվում եմ բոլորի հետ անխտիր»,- ասաց Դավիթ Առուշանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1093 դիտում

Leave a Comment