Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը


Հուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նիստին ներկա են եղել Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ:

Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հրդեհների վիճակագրությանը, ընդգծել է դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում։

Փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ համագործակցությունը պետք է ընդգրկի նաև համատեղ իրազեկման ու կանխարգելման բնույթի այլ միջոցառումներ՝ նաև կամավորների ու բնակչության ներգրավմամբ։

Այս համատեքստում ծավալվել է ակտիվ քննարկում։ Մասնակիցները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում ինչպես կատարված, այնպես էլ կատարվելիք բազմակողմանի աշխատանքները։

Քննարկման առարկա են դարձել անտառային հրդեհների հնարավոր բռնկման դեպքում ահազանգման օպերատիվությանն ու արագ արձագանքմանը վերաբերող հարցեր, որոնց ճիշտ կազմակերպումն ու իրականացումը կարող է կանխել հրդեհի տարածումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առաջիկայում կանխատեսվող հրդեհավտանգ եղանակային պայմաններ ունեցող տարածքներում նախապես ուժերի տեղակայմանը, ինչպես նաև այդ տարածքների բնակիչների իրազեկման ակտիվացմանը և՛ շրջայցերի, և՛ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։

Այս առումով վեր են հանվել գործնական որոշ խնդիրներ, որոնց լուծման համար ներկայացվել են առաջարկություններ։ Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել հատկապես առաջիկա օրերին գեներացնել ջանքերը՝ հնարավոր իրավիճակներին արդյունավետ հակազդելու նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

266 դիտում

Leave a Comment