ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է ապատեղեկատվություն տարածմանը, թե իբր ահաբեկչության նախապատրաստման համար հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն ներկայացնում:
ՔԿ-ն տեղեկացնում է, որ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք զերծ մնալ անձնական կամ այլ շարժառիթներով պայմանավորված ապատեղեկատվություն տարածելու արատավոր գործելաոճից, ինչպես նաև ձեռնպահ մնալ հանրության շրջանում քրեական վարույթի նյութերից չբխող կեղծ տեղեկություններ շրջանառելուց:
Քննչական կոմիտեն շարունակելու է հետևողական կերպով օրինականության և արդարության սկզբունքների անշեղ կենսագործմամբ նախաքննության խնդիրների արդյունավետ իրականացումը և ձեռնարկելու է քրեադատավարական օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ այդ սկզբունքների կենսագործումը՝ վստահեցնելով, որ օրենքով սահմանված կարգով հակազդելու է հակաօրինական բնույթ կրող ցանկացած տեսակի հանցավոր ոտնձգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում մի շարք դաշնակցականների, ինչպես նաև Գեղամ Մանուկյանի տանը։
Այնուհետև կոմիտեն մանրամասներ էր հայտնել, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ և այլն։
Տեղի ունեցածից հետո դաշնակցականները հերքում են լուրերը, թե հայտնաբերված նռնակը, օրինակ, մարտական չէ։
Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր առգրավված բոլոր զենքերը օրինական են։
«Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան, նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- պնդում է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
210 դիտում