Ադրբեջանական որոշ վերլուծաբանների կարծիքով, եթե իրադարձությունները սրվեն, Ադրբեջանը կարող է թույլ տալ օգտագործել իր տարածքը Իրանի դեմ գործողությունների համար։ Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում նշեց արեւելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
— Իսրայելը վերջին ամիսներին բավականին ակտիվ ջանքեր է գործադրել այդ սցենարի ուղղությամբ՝ համագործակցելով Միացյալ Նահանգների հետ՝ փորձելով ձեւավորել ընդհանուր մոտեցում եւ ռազմավարություն։
Այս պարագայում, եթե Միացյալ Նահանգները ներգրավվի ուղղակի ռազմական հակամարտության մեջ, նա, ամենայն հավանականությամբ, կգործի հենց տարածաշրջանի արաբական երկրների ռազմաբազաներից։ Իսկ Իրանի պատասխանը տրամաբանականորեն կարող է լինել՝ թիրախավորել այդ բոլոր կետերը, ինչը նշանակում է, որ հնարավոր թիրախների թվում կարող են հայտնվել նաեւ արաբական երկրները, Իսրայելը եւ տարածաշրջանի այլ ռազմավարական հանգույցներ։ Դա էլ իր հերթին հանգեցնում է տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականությանը։
Եթե այս ամենին միանան նաեւ եվրոպական երկրները՝ ուղիղ կամ անուղղակի կերպով, հնարավոր է, որ սա վերածվի համաշխարհային մասշտաբի հակամարտության։ Հաշվի առնելով այս սցենարը՝ չպետք է բացառել նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հնարավոր արձագանքը։ Չնայած հնարավոր չէ վստահաբար ասել, որ նրանք կաջակցեն Իրանին ռազմական ուղով, սակայն մաքսիմալ ձեւով կարող են փորձել մանեւրի հնարավորություն ստեղծել Իրանի համար՝ տնտեսական, դիվանագիտական կամ տեխնոլոգիական աջակցությամբ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ