ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ գնահատմամբ՝ երբ պետությունը կալանավորում է անձանց՝ ելնելով որոշ նկատառումներից, անկախ դրանց բնույթից, այդ մարդիկ, միեւնույնն է, կարող են համարվել քաղաքական հետապնդման զոհ։
— Oրինակ, որոշում կայացվեց Սամվել Կարապետյանի ազատության պահանջով քայլերթ կազմակերպել։ Այդ շարժումը, իմ համոզմամբ, պետք է առաջնորդեն փորձառու մարդիկ։ Պետք է բարձրացնել ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլեւ բոլոր նմանատիպ դեպքերի հարցը։ Խափանման միջոցը՝ կալանքը, ամենածանր խափանման միջոցն է, եւ այն կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ մարդը պատրաստվում է խոչընդոտել քննությանը կամ փախչել։ Եթե մարդը կալանավորված է միայն իր քաղաքական հայտարարությունների համար, ապա նրան պետք է համարել քաղբանտարկյալ։ Չպետք է վախենանք նման մարդկանց քաղաքական գնահատական տալուց, եթե նրանք իրականում ենթարկվում են հետապնդման։ Իսկ եթե այդ մարդը, ասենք, հոգեւորական է կամ ակտիվ քաղաքացի, որը հրապարակավ արտահայտում է իր տեսակետները, ապա նրան բանտ նստեցնելը անընդունելի է։ Ինքս Ս. Կարապետյանի հետ անձնական կապ չունեմ, բայց եթե նա կալանավորված է միայն իր քաղաքական բնույթի հայտարարությունների համար, ապա սա խորը խնդիր է։ Նույնը վերաբերում է նաեւ մյուսներին։ Դա ամոթ է մեզ համար՝ որպես հասարակություն։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ