Բաքվին դրսի աչքերն ու ականջները պետք չեն․ ՄԱԿ-ի չորս գրասենյակներն Ադրբեջանում չեն գործի

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը հայտնել է, որ Ադրբեջանում կառույցի գործունեությունը կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։ Կազմակերպությունը, պաշտոնյայի խոսքով, կշարունակի համագործակցել Բաքվի իր գործընկերների հետ տարածաշրջանային գրասենյակի միջոցով։

Ավելի վաղ Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցչությունները։

Լռեք ու հեռացեք տրամաբանությամբ Ադրբեջանում մեկը մյուսի հետևից փակվում են միջազգային կազմակերպությունները․ հերթը հասել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործունեության դադարեցմանը։

Դեռ տարեսկզբից Բաքուն տարբեր միջոցներով հասկացրել էր, որ երկրում դրսի կառույցների ներկայության անհրաժեշտությունը չի տեսնում։ Ինչպես ասում են փորձագետները, Բաքվին դրսի աչքերն ու ականջները պետք չեն։

Կարմի խաչի միջազգային կազմակերպություն, Transparency International հակակոռուպցիոն կազմակերպություն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը․ այս և փակված այլ գրասենյակների շարքում ավելացել է ևս մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրին, գրում են, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) գրասենյակը կդադարեցնի գործունեությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։

Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն է ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ հորդորելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ն Ադրբեջանում գործում է 1993 թվականից՝ նպաստելով երեխաների և դեռահասների համար պայմանների բարելավմանը։ Կազմակերպությունը կշարունակի համագործակցել Ադրբեջանի իր գործընկերների հետ տարածաշրջանային և գլխավոր գրասենյակների միջոցով»,- տեղեկացնում է Իրինա Մազուրին։

Տեղական իշխանությունները որոշումը բացատրում են «հումանիտար կարիքների կրճատմամբ և ավելի մեծ ինքնուրույնության ձգտմամբ»՝ պնդելով, թե այդ կազմակերպությունների ռեսուրսը կարող է օգտագործվել ավելի կարիքավոր տարածաշրջաններում։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ գրասենյակները փակելու որոշումը պայմանավորված է ՄԱԿ-ի նկատմամբ թուրք-ադրբեջանական դիրքորոշմամբ։

«էրդողանն առաջարկում էր, նաև առաջարկում է «ավելի արդար աշխարհի» կոնցեպտը, որով սահմանում է, որ աշխարհը հինգից ավելին է՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամները և հավակնելով, որ Թուրքիան ևս պետք է տեղ ունենա այնտեղ։ Եվ հիմա, քանի որ աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, հավանաբար նաև Ադրբեջանում պատկերացում կա, որ ՄԱԿ-ը՝ որպես կառույց, արժանանալու է Ազգերի լիգայի ճակատագրին կամ առնվազն կրելու է էական և գլոբալ փոփոխություններ»։

Ըստ այդմ՝ Բաքուն, քաղաքագետի կարծիքով, երկու խնդիր է լուծում՝ ՄԱԿ-ի գրասենյակները փակելով։ Նախ՝ հրաժարվում է ավելորդ աչքերից, որոնք ֆիքսում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին աղաղակող փաստերը, նաև ձգտում է ավելի մեծ անկախության։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՅՈՒՆԻՍՖ-ի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Ադրբեջանում ներկայացուցիչ Սաջա Ֆարուկ Աբդուլլային՝ Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունը ավարտելու առիթով և քննարկել ՄԱԿ-ի հետ համագործակցության հարցեր։ Բայրամովն առիթն օգտագործել է խոսելու 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանի քաղաքացիների, իր ձևակերպմամբ, «իրենց հողեր վերադարձն ապահովելու ուղղությամբ աշխատանքների մասին»։

Արա Պողոսյանը համոզված է, որ վերոնշյալ հարցը Բաքվի երկարաժամկետ նպատակներից մեկն է, որը փորձում է լուծել փուլային ճանապարհով։

Մինչ այդ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հերթական  անդրադարձը փաստում է, որ Ադրբեջանում ազատ խոսքն ու քաղաքական այլախոհությունը բռաճնշումների առիթ են դառնում։ Ըստ կառույցի՝ իշխանություններին քննադատող լրագրողները ենթարկվում են հետապնդումների ու դաժան հաշվեհարդարների, այլախոհները բանտարկվում են, նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներ են առաջադրվում։

Amnesty International-ը փաստում է, որ նախորդ տարվա նոյեմբերին Ադրբեջանում կազմակերպված COP-29-ից  հետո ճնշումները ազատ խոսքի դեմ միայն սաստկացել են և ըստ կազմակերպության՝ 2001 թվականից՝ Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցությունից մինչև օրս քաղաքական դրդապատճառներով բանտարկված լրագրողների թվով Ադրբեջանը ամենաբարձր ցուցանիշն ունի։

Անկախ լրատվամիջոցները, որոնք լուսաբանել և բացահայտել են  իշխանությունների չարաշահումները  և մարդու իրավունքներին առնչվող  խախտումները, փակվել են, իսկ լրագրողների մի մասը կալանավորվել է։ Արա Պողոսյանի խոսքով՝ Արևմուտքը պատրաստ չէ հանուն մարդու իրավունքների, խոսքի ազատության հիմնարար սկզբունքների պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այդ երկիրը կարևոր է  իր աշխարհագրական դիրքով ու ռազմավարական նշանակությամբ։

«Ադրբերջանում հասկացել են իրենց դերը և նշանակությունը Արևմուտքի համար և փորձում են օգտվել դրանից։ Մենք պետք է այս իմաստով պատրանքներ չունենանք։ Նույնիսկ Իսրայելի նկատմամբ Արևմուտքի առանձին երկրներ պատրաստ են սանկցիաներ կիրառել, բայց Ադրբեջանի նկատմամբ պատրաստ չեն։ Հետաքրքիր է, չէ՞։ Բանն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նշանակությունն այս փուլում Արևմուտքի համար բավականին բարձր է»։

Նախորդ տարվա նոյեմբերին Ադրբեջանում կայացած COP-29-ից հետո իրավապաշտպան կազմակերպությունները կոչ արեցին վերանայել COP համաժողովները հյուրընկալող երկրների ընտրության գործընթացը։ Նրանք պնդում էին, որ Ադրբեջանում բնապահպան ակտիվիստների շրջանում բանտարկյալների թվի տագնապալի աճ է գրանցվում:

Leave a Comment