Արցախյան մշակույթը ներկայացվելու է Իտալիայում կայանալիք միջազգային փառատոնում. ԼՂՀ մշակույթի նախարարություն

Արմինֆո. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության ներքո գործող արվեստի համույթները արժանացել են բացառիկ հնարավորության՝ մասնակցելու 2025 թ. հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 16-ը Իտալիայում կայանալիք միջազգային ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվում է CIOFF®-ի (Ֆոլկլորային փառատոնների և ժողովրդական արվեստի կազմակերպությունների միջազգային խորհուրդ) կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործընկերությամբ։

 

Ինչպես նշվում է Արցախի մշակույթի նախարարության հաղորդագրությունում, փառատոնին մասնակցությունը կարևոր ձեռքբերում է՝ փաստելով արցախահայության բռնի տեղահանությունից հետո «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի կողմից տարվող հետևողական ու նվիրական աշխատանքի արժևորումը։ Այս մասնակցությունը միաժամանակ հարթակ է՝ արցախյան մշակույթը արժանապատվորեն ներկայացնելու և միջազգային հանրությանը մեր մշակութային ինքնության, պատմական շարունակականության և արժեքների մասին բարձրաձայնելու համար։

 

Փառատոնին կմասնակցեն Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբը և Արցախի պարի պետական համույթը, որոնք հանդես կգան համատեղ մշակութային ծրագրով՝ ներկայացնելով արցախյան ավանդական երաժշտությունը և պարարվեստը՝ փոխանցելով մեր ժողովրդի անսպառ հոգևոր ժառանգությունը բազմազգ հանդիսատեսին։

Leave a Comment