Ռուսաստանցի պատգամավոր. Արցախում Այվազովսկու հուշարձանի քանդումը Ադրբեջանի կողմից խրախուսվող վանդալիզմի օրինակ է

Արմինֆո. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանի քանդումը վանդալիզմի օրինակ է, որը խրախուսվում է պետական մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գուծերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

 

Ընդ որում, ռուս պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դրանք միակ բարբարոսությունները չեն, որոնք ադրբեջանական վարչակազմն իրականացրել է Արցախի տարածքում: Ինչպես հիշեցրել է Զատուլինը, ավելի վաղ Ադրբեջանը պղծել էր խորհրդային զորահրամանատարների հուշարձանները, որոնք ծնունդով հայկական Չարդոխլու գյուղից են, սկսել են քանդել կրոնական հուշարձանները, ինչպես նաեւ ոչնչացրել են մեծ թվով խաչքարեր:

 

“Բացի այդ, Ադրբեջանում պետական մակարդակով զարգանում է Արցախի տարածքում հուշարձանների, իբր, ոչ հայկական ծագման մասին տեսությունը։ Մասնավորապես, խոսքը VI, X, XI, XII դարերի վանքերի մասին է”, – ըստ «Լենտա.ռու»-ի՝ ասել է Զատուլինը։

 

Պատգամավորը, միեւնույն ժամանակ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դատապարտելու փոխարեն փորձ է արվում այդ բարբարոսությունը ինչ-որ կերպ հիմնավորել Ռուսաստանի և Հայաստանի հետ լարված հարաբերություններով: “Այդպիսով, երկրի ղեկավարությունը կամ աչք փակում դրա վրա, կամ էլ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները”, – եզրափակել է Զատուլինը:

 

Նշենք, որ ավելի վաղ Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրը Ստեփանակերտում ադրբեջանական ռեժիմը ոչնչացրել է մեծ ծովանկարչի հուշարձանը, որը տեղադրվել էր 2021 թվականին Արցախի մայրաքաղաքում։

Leave a Comment