Առաջին դատավճիռը՝ Գերմանիայում՝ Բունդեսթագի պատգամավորին կաշառելու մեղադրանքով․ Ադրբեջանական խավիարի քաղաքական գինը

Ադրբեջանի այսպես կոչված խավիարային դիվանագիտությանն առնչվող աղմկահարույց դատական գործերից մեկով Մյունխենի դատարանը վճիռ է կայացրել։ 6 ամիս տևած ինտենսիվ լսումների արդյունքում Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝  կաշառակերության այսպես կոչված «ադրբեջանական գործով»։

Հետաքննության տվյալներով՝ Լինտները, որը ԵԽԽՎ անդամ է եղել 2010 թվականից, ադրբեջանական շահերն առաջ տանելու և հենց այդ երկրի թելադրանքով քվեարկելու նպատակով մինչև 2016 թվականը շուրջ 4 միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով։

Դատաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ այդ գումարի մի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ այլ անդամների, որոնք պետք է ադրբեջանական կողմի թելադրած պայմաններով ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանից «Ռադիոլուրին» բացառիկ տվյալներ են հայտնել։

Գերմանական դատարանը կայացրել է այդ երկրի արդարադատության համար բացառիկ վճիռ․ Մյունխենի դատարանի որոշումն առաջին դատավճիռն է Գերմանիայում՝ Բունդեսթագի պատգամավորին կաշառելու մեղադրանքով՝ համաձայն Գերմանիայի քրեական օրենսգրքի 108Ե հոդվածի։

Այսպես․ Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանի քրեական գործերով 6-րդ պալատը Բունդեսթագի պատգամավոր Էդուարդ Լինթներին դատապարտել է 9 ամսվա ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ գումարով նաև ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու համար։ Միաժամանակ դատարանը որոշել է բռնագանձել 111.330 եվրո՝ մահացած պատգամավոր Կարին Շտրենցի ժառանգից․ Շտրենցը ևս թաթախված է եղել Ադրբեջանից գումար ստանալու և ԵԽԽՎ-ում ի շահ այդ երկրի գործելու հանցավոր արարքներում։

Մյունխենի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր և քրեական գործերի մամլո ծառայության ղեկավար դոկտոր Լորան Լաֆլյորը Հանրային ռադիոյին տրամադրել է դատարանի վճիռը։

«Դատարանը հիմնական դատավարության ընթացքում հաստատված է համարել մեղադրանքը։ Մեղադրյալը՝ բունդեսթագի երկարամյա պատգամավոր, 2014 թվականի սեպտեմբերին ձեռք է բերել անժամկետ ապօրինի պայմանավորվածություն մահացած պատգամավոր Կարին Շտրենցի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Համաձայն այս պայմանավորվածության՝ Կարին Շտրենցը պետք է աշխատեր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և Բունդեսթագում՝ Ադրբեջանի ցուցումներով, և դրա դիմաց ամսական ստանար շուրջ 7500 եվրո։ Վճարումները կատարվել են մեղադրյալ Լինթների հիմնադրած «Line M-Trade UG» ընկերության միջոցով՝  ձևական խորհրդատվական պայմանագրի շրջանակում»։

2014 թվականի դեկտեմբերին և 2015-ի հունվարին նշված ընկերությունը Բունդեսթագի այդ ժամանակ պատգամավոր Կարին Շտրենցին փոխանցել է 22.500 եվրո։ Ադրբեջանից հոսած այս վճարումները ստանալով՝ Շտրենցը ԵԽԽՎ-ում սկսել է հանդես գալ Ադրբեջանի շահերը պաշտպանող ելույթներով, իսկ որպես Մոնիթորինգային հանձնաժողովի անդամ աջակցել Ադրբեջանին նաև խորհրդարանական վեհաժողովի քվեարկությունների ժամանակ։

Դատարանի գնահատմամբ՝ հենց Էդուարդ Լինթներն է եղել այս պայմանավորվածության հիմնական կազմակերպիչն ու շահառուն։ Նա ոչ միայն ներգրավված է եղել այսպես կոչված «խավիարային» պայմանագրի  կազմմանը, այլև շահագրգռված է եղել դրանում՝ ցանկանալով շարունակել Ադրբեջանի հետ եկամտաբեր  գործակցությունը նույնիսկ Բունդեսթագից և ԵԽԽՎ-ից հեռանալուց հետո։ Մյունխենյան դատարանի վճռում նշվում է․

«2015 թվականի մարտից մինչև 2017-ի հունիսը գործով անցնող Կարին Շտրենցը Բունդեսթագում և ԵԽԽՎ-ում իր գործունեության դիմաց Ադրբեջանի ներկայացուցիչներից կանխիկ ստացել է ևս 88.830 եվրո»։

Մեղադրյալը՝  Էդուարդ Լինթները, ամբողջությամբ ընդունել է մեղքը՝ թե՛ փաստացի արարքը, թե՛ դրա մտադրությունը․ «այդպես էլ եղել է»՝ ասել է։ Սա մանրակրկիտ ապացույցներով հաստատվել է նաև  դատական հիմնական քննությամբ։ Այս գործընթացում առանձնակի նշանակություն են ունեցել վերծանված սոցցանցային նամակները, որոնցից մեկում Կարին Շտրենցը խոստանում է պայմանավորված քվեարկություն՝ հաղորդագրությունը եզրափակելով եվրոյի նշանով։

Դատարանը գնահատել է այդ պայմանավորվածությունը որպես անօրինական շահի խոստում պատգամավորին, ինչը համարվել է քրեական հանցանք՝ համաձայն Գերմանիայի քրեական օրենսգրքի 108e հոդվածի, այն է՝ «կաշառք մանդատակրին»։

Էդուարդ Լինթների հանդեպ պատժի սահմանման հարցում դատարանը հաշվի է առել մեղադրյալի   խոստովանությունը։ «Խոստովանությունը խոստովանություն է»,-հայտարարել է նախագահող դատավորը, սակայն նաև ընդգծել է, որ մեղադրյալը  չի ցուցաբերել ոչ զղջում, ոչ էլ մեղքի գիտակցում՝ իր արարքը բնորոշելով որպես «լիովին նորմալ լոբբինգ»։ Դատարանը կտրականապես անընդունելի է համարել նման դրսևորումը։

«Սա ձայների գնման դասական դեպք էր։ Կարին Շտրենցին խոստացվել է գումար՝ քվեարկելու ըստ գումար տվողի շահերի։ Այստեղ պատգամավորն իր ձայնը վաճառել է։ Նա գումար է ստացել Ադրբեջանի օգտին քվեարկելու համար»։

Դատարանը մեղադրյալի օգտին հաշվի է առել հանգամանքը, որ նա նախկինում դատված չի եղել, որ երկար ձգված դատավարությունը, նաև նրա տարիքի բերումով, անդրադարձել է մեղադրյալի առողջական վիճակի վրա, ինչպես նաև այն, որ հանցագործությունը տեղի է ունեցել վաղուց։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի պնդումը, թե մեղադրյալի մասին մամուլի հրապարակումները պետք է դիտվեն որպես մեղմացուցիչ հանգամանք։ Դատարանը համարել է, որ մեղադրյալն ինքն է պատասխանատու լրատվամիջոցների լուսաբանման համար:

Ինն ամսվա ազատազրկման դատավճիռը կարող է պայմանական լինել, քանի որ մեղադրյալից, որն առաջին անգամ էր մեղավոր ճանաչվում,  նմանօրինակ հանցագործություններ այլևս սպասելի չեն։ Փորձաշրջանի երկու տարի ժամկետ է սահմանվել մեղադրյալի հանդեպ, նաև պարտավորեցվել է վճարել 10,000 եվրո Զոհերի աջակցության հիմնադրամին:

Դատարանը միաժամանակ որոշել է Կարին Շտրենցի ժառանգից բռնագանձել 111.330 եվրո․ դա այն ամբողջական գումարն է, որը Շտրենցը ստացել էր Ադրբեջանի կողմից՝ իր քվեարկության դիմաց։

Դատավճիռը դեռ իրավական ուժ չունի։ Եւ Մյունխենի գլխավոր դատախազությունը, և պաշտպանական կողմը կարող են մեկ շաբաթվա ընթացքում վճիռը բողոքարկել՝ դիմելով Գերմանիայի Դաշնային դատարան։

Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանից «Ռադիոլուրին» ավելի վաղ հայտնել էին, որ խավիարային վիվանագիտության այս գործում այլ անձանց ներգրավվածությունը ևս հաստատվել է։ Մարկուս Լինթներ՝ գերմանացի պատգամավոր Էդուարդ Լինթների որդին՝ իրավաբան։ Էլլադա Մ՝ ծնված Թբիլիսիում՝ Վրաստան․ ազգային պատկանելությունն ու ազգանունն ամբողջությամբ չեն նշվում։ Կուրտ Յոզեֆ Ս․՝ ծնված Աշաֆենբուրգում՝ Գերմանիա։ Անձնական տվյալներ չեն հաղորդվում։

Դատարանի Քրեական գործերի մամլո ծառայության ղեկավար, դատավոր Լորան Լաֆլյորը «Ռադիոլուրին» տրամադրել է Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը, որում  հստակ ձևակերպված է, որ 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանը շարունակ փորձել է ԵԽԽՎ-ում կամ դրա հանձնաժողովներում իր շահերն առաջ տանել՝ քվեարկությունների վրա ազդելով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով և պահանջելով, որ նրանք հօգուտ Բաքվի որոշում կայացնեն և ցանկալի խմբագրումը մտցնեն ընդունվող բանաձևերում։ Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական փաստաթղթում առանձնակի կերպով հիշատակված է Հայաստանը։

«Մեղադրյալ Ֆ.-ն դեռ 2011-ից ակտիվ գործունեություն է ծավալել ԵԽԽՎ-ում։ 2011 -2018թ․թ․ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլխան Ս.-ի և Մուսլում Մ.-ի հետ պայմանավորվածությամբ և նրանց պահանջով պատգամավորը գործել է Ադրբեջանի շահերից ելնելով՝ լինի դա ելույթների, գաղտնի փաստաթղթերի վաղաժամկետ փոխանցման, թե քվեարկության տեսքով։

Մեղադրյալ Ֆ.-ն 2011-2014 թվականներին Էյխան Ս.-ից և Մուսլում Մ.-ից մի քանի փուլով կանխիկ վճարումներ է ստացել՝ ընդհանուր առմամբ 58 հազար եվրո։

2014-ի սեպտեմբերից մեղադրյալ Ֆ.-ն շարունակել է իր ստվերային գործակցությունը Էլխան Ս.-ի և Մուսլում Մ.-ի հետ։ Նոր համաձայնությամբ ստացել է 26 000 եվրո։ Ընդ որում՝ տարբեր մասնաբաժիններով՝ մի դեպքում 800, մեկ այլ դեպքում՝ 20 հազար եվրո»։

Գերմանիայի պետական մեղադրողը փաստեր ունի, որ Ադրբեջանից ստացված հրահանգներով մեղադրյալ Ֆ.-ն ԵԽԽՎ-ում իրականացրել է առնվազն հետևյալ գործողությունները.

2015 թվականի հունվարին մեղադրյալը հանգուցյալ Կարին Շտրենցին առաջադրել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, որպեսզի վերջինս կարողանա այնտեղ հանդես գալ Ադրբեջանի անունից։ 2015 թվականի օգոստոսին մյեւս մեղադրյալ Ֆիշերը, որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, «Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» վերնագրով գաղտնի զեկույցի առաջին նախագիծն էլեկտրոնային փոստով ուղարկել է Մուսլում Մ.-ին՝ հնարավորություն տալու նրան և Էյխան Ս.-ին՝ ազդելու այս զեկույցի վրա։

Արդեն 2016-ի հունվարի 26-ին մեղադրյալ Ֆիշերը ԵԽԽՎ նիստում քվեարկում է ի շահ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևի օգտին: Ի դեպ, հակառակ համաձայնության, նա չի մասնակցել սահմանամերձ շրջանների ջրամատակարարման վերաբերյալ քվեարկությանը․ դրանով առաջ էր մղվում Բաքվի պնդումը, թե Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զրկված են ջրից:

Մյունխենում ընթացող դատավարությունը Բաքվի «խավիարային դիվանագիտության և նավթային մանիպուլյացիաների» շղթայի օղակներից է, որը շարունակում է բացահայտվել: Գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Ակսել Ֆիշերի հանդեպ դատական գործերը կվերսկսվեն առաջիկայում։

Leave a Comment