Արմինֆո. Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Երևանում՝ ռեփեր Սնուփ Դոգի փոխարեն: “Համաշխարհային աստղի հյուրախաղերը Հայաստանում” երաժշտական նախագծին վերաբերող կառավարության որոշման մեջ փոփոխություններն ու լրացումները հավանության են արժանացել ՀՀ կառավարության հուլիսի 31-ի նիստում:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Սնուփ Դոգի համերգը չի կայացել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև բռնի տեղահանված հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակի պատճառով, ինչը խոչընդոտ է հանդիսացել միջոցառման իրականացման համար:
ՀՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից ծրագիրն իրականացնող «Doping Space» կազմակերպության հետ տեւական քննարկումների արդյունքում ներկայացվել են «World Star Armenia Tour» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր աստղի անունը:
Արդյունքում՝ ընկերությունը որոշել է Հայաստան հրավիրել Ջենիֆեր Լոպեսին, ով հանդես կգա 2025 թվականի աշնանը Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում:
Նախագծի իրականացման համար ՀՀ կառավարությունը պետական գանձարանից 2023 թվականին «Doping Space» կազմակերպությանը հատկացրել էր 2 318 596,8 հազար դրամ կամ մոտ 6 մլն դոլար (ներառյալ ԱԱՀ): 2025 թվականին միջոցառման իրականացման համար «Doping Space» ՍՊԸ լրացուցիչ ֆինանսավորում չի նախատեսվում:
Նշվում է, որ կազմակերպչի և երգչուհու ներկայացուցիչների միջև արդեն կնքվել է պայմանագիր, որի պատճենը փոխանցվել է ԿԳՄՍՆ-ին:
Ջենիֆեր Լոպեսի համերգը կկայանա օգոստոսի 3-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում: Երգչուհին Հայաստան է գալիս UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակում։-