Արմինֆո. Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությանը կփոխանցվի առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու օտարերկրացուն պետական գաղտնիք կազմող տեղեկություններին հասանելիության թույլտվություն տալու լիազորությունը: Գերատեսչության նախաձեռնությունը հավանության է արժանացել հուլիսի 31-ին կառավարության հերթական նիստում ։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության 18․01․2024թ․ «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 87-Ն որոշմամբ կարգավորվում են օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները։
Որոշման 2-րդ կետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց ղեկավարները համապատասխան մարմնում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունները տրամադրում են ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնությամբ։ Միաժամանակ որոշման 4-րդ կետով թվարկվում են լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով վերջինիս ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք ստանալուց հետո լիազոր մարմինն անցկացնում է ստուգողական միջոցառումներ և «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգով համաձայնեցնում է թույլտվության ձևակերպումը կամ մերժում համաձայնեցումը։
«Պետական գաղտնիքի մասին» օրենքում 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-43-Ն օրենքով կատարված լրացումների արդյունքում սահմանվել է, որ Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ
Հաշվի առնելով օրենքում կատարված փոփոխությունները և որոշումը օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 87-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը։
«Նախագծի ընդունման արդյունքում որոշման կարգավորման առարկան (Արտաքին հետախուզության ծառայության մասով) կհամապատասխանեցվի Օրենքում կատարված և ուժի մեջ մտած փոփոխություններին, մասնավորապես՝
1․ Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունները կտրամադրվեն Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու․
2․ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը Արտաքին հետախուզության ծառայության կողմից կտրամադրվի ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումները կիրականացվեն Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ», – ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Արտաքին հետախուզության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացել էր 2022 թվականի դեկտեմբերին, ԱՀԾ ղեկավար է նշանակվել Քրիստինե Գրիգորյանը (Հայաստանի նախկին օմբուդսմեն)։