Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում են հայտնի դերասանների, երգիչների և հասարակական գործիչների մահվան կամ նրանց հետ կապված ողբերգական դեպքերի մասին կեղծ լուրեր։ Այս գրառումները, որպես կանոն, տարածվում են սենսացիոն վերնագրերով՝ օգտագործելով հայտնիների լուսանկարները՝ օգտատերերին գրավելու և կասկածելի կայքեր ուղղորդելու նպատակով։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է, թե ինչպես և ինչու են շրջանառվում այդ կեղծ լուրեր։ Սենսացիոն վերնագրերով համակարգված արշավի սխեման Սոցցանցերում կեղծ լուրեր տարածող «սունկ» էջերին բնորոշ են մի քանի առանձնահատկություններ։ Նախ՝ դրանք աչքի են ընկնում սենսացիոն վերնագրերով, ինչպես օրինակ՝ «Ցավալի լուր», «Շտապ», «Ծանր կորուստ» և այլն։ Այս գրառումները սովորաբար ուղեկցվում են զգացմունքային էմոջիներով և հանրությանը հայտնի անձանց լուսանկարներով։ […]