
Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ պատանիների հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ են մտել +94 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ` բարձրացրել է 150 կգ, 156 կգ, 160 կգ: Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանել է Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրել է 180 կգ ու 186 կգ: Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր:
Երկամարտի 346 կգ արդյունքով` Հարություն Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի այս առաջնության չեմպիոն: