Ադրբեջանի ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ից պահանջել է ներողություն խնդրել Արցախի մայրաքաղաքի անվանումն օգտագործելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ակնկալում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության ներողությունը Արցախում Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման վերաբերյալ հրապարակման մեջ Ստեփանակերտ տեղանունն օգտագործելու համար:

Նախարարությունը նաև պահանջել է «համապատասխան ուղղումներ» այս առումով՝ նշելով, որ հակառակ դեպքում «նախատեսվում են համապատասխան միջոցներ՝ օրենսդրության համաձայն Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության վերաբերյալ»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը գործակալության գործողությունները անվանել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»: Բաքուն հայտարարել է, որ եթե նման դեպքերը կրկնվեն, «կարող է սկսել Ռուսաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բնակավայրեր նշել իրենց պատմական սկզբնանուններով»:

Այվազովսկու հուշարձանի տեղադրումն ադրբեջանական կողմն անվանել է «անօրինական» և «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված սքրինշոթներից դատելով՝ ՏԱՍՍ-ի հոդվածը սկզբնապես հրապարակվել էր «Ստեփանակերտում քանդել են Այվազովսկու հուշարձանը» վերնագրով։ Գործակալության կայքը այժմ փոխել է վերնագիրը՝ դարձնելով «Լեռնային Ղարաբաղում քանդել են Այվազովսկու հուշարձանը» վերնագրով։

Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են հայ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանը: Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հուշարձանի քանդումը որակել էր որպես Ռուսաստանի նկատմամբ «անբարյացակամ գործողություն»:

Leave a Comment