ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քելլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է առաջիկա մեկ շաբաթում խաղաղության հասնել ռուս-ուկրաինական պատերազմում։
«Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության հասնեն հրադադարի եւ կայուն խաղաղության շուրջ։ Համաձայնագիր կնքելու ժամանակն է։ Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ դա պետք է արվի մինչեւ օգոստոսի 8-ը։ ԱՄՆ-ն պատրաստ է ձեռնարկել հավելյալ միջոցներ խաղաղության ապահովման համար»,- Քելլիի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Այս հայտարարությունը հնչում է Դոնբասի կենտրոնում գտնվող Չասով Յարի շուրջ ռուս-ուկրաինական ռազմատեղեկատվական պայքարի ֆոնին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել է Չասով Յարի գրավման մասին։ Այդ քաղաքի համար մարտերը սկսվել են առնվազն 2024 թվականի ապրիլից։
«Հարավ» զորախմբի հարձակողական գործողությունների արդյունքում Կրամատորսկ-Դրուժկովկա ուղղությամբ ազատագրվել է Չասով Յար քաղաքը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սա ապատեղեկատվություն է որակել։
«Այսօր տարածվել էին ռուսական լուրեր Չասով Յարի վերաբերյալ. դա ռուսական ապատեղեկատվություն է։ Ուկրաինական ստորաբաժանումները պաշտպանում են մեր դիրքերը, եւ Դոնեցկի, Սումիի, Խարկովի մարզերում առաջ շարժվելու ռուսների բոլոր փորձերը, վերջիվերջո, մենք հետ ենք մղում։ Դա հեշտ չէ, բայց դա մեր՝ ուկրաինացիների կյանքի իրավունքի պաշտպանությունն է։ Ամեն նման ուղղություն շատ կար եւ որ է»,- թելեգրամի իր էջում գրել է նա։
Մինչդեռ ռուսական Z-ալիքները հրապարակում են տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուս զինվորները դրոշներ տեղադրում քաղաքի տարբեր հատվածներում։
Սրան ի պատասխան` ուկրաինական «Խորտիցա» զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Տրեգուբովը «ՌԲԿ-Ուկրաինա»-ին հայտնել է, որ «Չասով Յարում իրավիճակը նույնն է, ինչ վերջին ամիսներին»։
Ամերիկյան Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը հայտնում է, որ մարտերը շարունակվում են ինչպես Չասով Յարում, այնպես էլ դրա հյուսիսում, հյուսիս-արեւելքում եւ հարավում։ «Հուլիսի 30-ին ռուսական զորքերը շարունակել են հարձակողական գործողությունները Չասով Յարի ուղղությամբ, սակայն արձանագրված առաջխաղացում չի եղել»,- հաղորդում է BBC-ին։
Պայքար Չասով Յարի համար
Դեռ 2022 թվականից, երբ սկսվեցին մարտերը Բախմուտի համար, Չասով Յարը Ուկրաինայի ԶՈՒ-ի համար կարեւոր լոգիստիկ հենակետ է։
Քաղաքային մարտերը Չասով Յարում սկսվել են 2024 թվականի ապրիլին։ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին պնդում էր, որ ռուսական ռազմական ղեկավարությունը նպատակ ուներ գրավել քաղաքը մինչեւ մայիսի 9-ը։
Սակայն քաղաքի գրավման օպերացիան ձգձգվել է ավելի քան մեկ տարի։ Փողոցային մարտերի եւ անընդհատ հրետակոծությունների արդյունքում Չասով Յարը գրեթե ամբողջությամբ ավերվել է։