Չինական բանակը կարող է Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ներկայացնել հիպերձայնային հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր, հայտնել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը։
Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
«Հուսով եմ տեսնել ոչ միայն արդեն դեբյուտ արած J-35A կործանիչը, այլև նոր տեսակի զենքեր, ինչպիսիք են հիպերձայնային հրթիռները և անօդաչու համակարգերը», – փորձագետի խոսքերն է մեջբերում չինական պետական «Global Times» թերթը։
Սոնգ Չժոնպինի խոսքով՝ նոր զենքը կցուցադրի Չինաստանի նվաճումները ազգային պաշտպանության ոլորտում, կծառայի որպես թշնամական ուժերի զսպման միջոց և կնպաստի Չինաստանի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանությանը։