Ռուսաստանը Եվրասիայում նոր, ճկուն և կայուն անվտանգության ճարտարապետության ձևավորումը դիտարկում է որպես ռազմավարական ուղենիշ և որպես ԵԱՀԿ-ին (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) այլընտրանք, քանի որ այն այլևս չի համապատասխանում փոխված աշխարհաքաղաքական իրողություններին։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Հելսինկյան ակտը՝ կես դար. ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «Ռոսսիականյա գազետա»-ում։
«ԵԱՀԿ-ում կուտակված խնդիրների ծավալը շատ մեծ է։ Դրանց ծանրության տակ այն դուրս է մղվել միջազգային գործընթացներից։ Վիեննայի հարթակում այլևս տեղ չի մնացել համագործակցության և անվտանգության համար։ Ժամանակն է մտածելու՝ արդյո՞ք իմաստ կա նման կազմակերպության հետագա գոյության մեջ», -նշել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ «այսօր պետությունների ինքնիշխան հավասարության և փոխադարձ հարգանքով երկխոսության գաղափարները, որոնք ԵԱՀԿ-ում ոչնչացվել են, կյանքի են կոչվում ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և այլ տարածաշրջանային միավորումների ձևաչափով համագործակցության նախագծերում Եվրասիայի տարածքում»։
«Որպես ռազմավարական ուղենիշ՝ Ռուսաստանը տեսնում է հավասար և անբաժանելի անվտանգության ու համագործակցության ճկուն և կայուն ճարտարապետության ձևավորումը Եվրասիայում, որը համապատասխանում է ժամանակակից մարտահրավերներին։ Անվտանգության անբաժանելիության ապահովման նպատակը ԵԱՀԿ-ում չիրագործվեց, սակայն այն լիովին հնարավոր է կյանքի կոչել համաեվրասիական ճարտարապետության ձևավորման միջոցով, որը բաց կլինի մայրցամաքի բոլոր երկրների համար և կարտահայտի աշխարհի նոր՝ բազմաբևեռ վիճակը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա հիշեցրել է, որ «այդ ուղությամբ է ուղղված ռուս-բելառուսական նախաձեռնությունը՝ մշակելու «Եվրասիական խարտիա 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության» մասին»։ Լավրովի համոզմամբ՝ «միգուցե ԵԱՀԿ-ն ունի վերածնման շանս, սակայն միայն այն դեպքում, եթե այն հարմարվի աշխարհաքաղաքական փոփոխված իրողություններին»։
ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:
