ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը։
Իրանական պատվիրակության ներկայացուցիչները հետարքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։ Քննարկվել են չվերթերի հաճախականության ավելացման հարցերը, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրության հարցերը։
2024 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի, կազմել է մոտ 737 410 000 ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը աճել է մոտ 6.6 %-ով:
Թեհրանը մասնակցում է Երևանի ռազմավարական ծրագրերին. իրանական ընկերությունները կառուցում են Քաջարան-Ագարակ մայրուղու 32 կիլոմետրանոց հատվածը։ Հայկական նախագծերում իրանական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 460 մլն դոլար։
