Թրամփի և Մեդվեդևի միջև տեղի ունեցած առցանց «վեճը» մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև վերջերս տեղի ունեցած առցանց «վեճը»։ Fox News-ին տված հարցազրույցում Ռուբիոն կասկած է հայտնել, որ Մեդվեդևի հայտարարությունները արտացոլում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։

«Ես վստահ չեմ, որ նա խոսում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին, բայց նա, անկասկած, Ռուսաստանում բարձր պաշտոն զբաղեցնող անձ է, որը սադրիչ բաներ է ասում։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դա կազդի իրավիճակի վրա», – ասել է պետքարտուղարը։

Ռուբիոն նաև հիշեցրել է, որ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի նախագահն էր 2008-2012 թվականներին, որից հետո պաշտոնը ստանձնել է Վլադիմիր Պուտինը։ Նա մանրամասնել է, որ Մեդվեդևը չի մասնակցել ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ պաշտոնական բանակցություններին և հանդիպումներին։

Քաղաքական գործիչների միջև առցանց  «վեճը» սկսվել է այն բանից հետո, երբ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային՝ պահանջելով Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր կնքել 10-12 օրվա ընթացքում: Ի պատասխան՝ Մեդվեդևն այս պայմանները որակել էր «քայլ դեպի պատերազմ»:

ԱՄՆ նախագահն իր մրցակցին անվանել էր «ձախողված նախկին նախագահ» և կոչ արել նրան «հետևել իր խոսքերի, որոնք վտանգավոր տեղ են տանում»։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, իր հերթին, ակնարկել էր, որ եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ սեփական ճանապարհով:

Leave a Comment