Ռուսական ալիքներում մեծ աղմուկ է բարձրացրել այն, որ ՏԱՍՍ-ը, ենթարկվել է Բաքվի պահանջին


Իրավական

Ռուսական ալիքներում մեծ աղմուկ է բարձրացրել այն, որ ՏԱՍՍ-ը, ենթարկվելով Բաքվի պահանջին, իր հրապարակումից հեռացրել է Ստեփանակերտ անվանումը, փոխարենը գրելով Լեռնային Ղարաբաղով: Այն դեպքում, երբ խոսքը Ստեփանակերտում Այվազովսկու արձանի վանդալական ոչնչացման մասին էր, որը Ռուսաստանում ընկալել են, որպես ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ՝ հենց Ռուսաստանի հանդեպ մեծագույն վիրավորանք եւ դեմարշ:

Ըստ աղբյուրներից մեկի. «ՏԱՍՍ-ը զիջումներ է արել Ադրբեջանին: Բաքվին դուր չի եկել, որ գործակալությունը հոդվածում օգտագործել է Ստեփանակերտ քաղաքի (ադրբեջաներեն՝ Խանքենդի) հայկական անվանումը։ Արդյունքում, ՏԱՍՍ-ի ղեկավարությունը չի պաշտպանել իր իրավունքները, այլ հետևել է Բաքվի պահանջին։ Խմբագիրը «Ստեփանակերտ» տեղանունը փոխարինել է «Լեռնային Ղարաբաղով»։ Արդյոք անվտանգության ուժերը նույնպե՞ս պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցի ավազակների ձերբակալությունների համար։ Կամ գուցե Բաքվի հրամանով Գուսմանը պետք է վերադարձվի աշխատանքի՞»։

Գուսմանի անունը պատահական չի հիշատակվում: ՏԱՍՍ-ի երկարամյան աշխատակից եւ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին օրերս վարչապետ Միխայիլ Միշուստինը ազատեց պաշտոնից՝ Շուշիում Ալիեւի կազմակերպած սկանդալային ֆորումին մասնակցելու համար: Այնտեղ Հեյդարովիչը մի շարք կոշտ հայտարարություններ էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին, մինչդեռ ներկա Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ միայն ծպտուն անգամ չէին արել, այլ նույնիսկ «տակից» գովերգել էին ադրբեջանական սուլթանիկին: Թե ինչու, ռուսական փորձագիտական դաշտում շատ լավ հասկանում են՝ ադրբեջանական փողերի համար:

Արդյունքում, Գուսմանին թեեւ վռնդեցին, բայց փաստը, որ ՏԱՍՍ-ը շարունակում է ենթարկվել Ալիեւի հրամաններին, հուշում է, որ միայն Գուսմանը չէ, որ նստած է Բաքվի «ասեղի» վրա: Եվ ներկայիս աղմուկն էլ, հասկանալի է, հենց այդ նպատակով է՝ ռուսական պետական գործակալությունը լրիվ մաքրել ադրբեջանական դրածոներից:

Leave a Comment