Իրոք որ՝ լրիվ մանկապարտեզ է. ԶԱՐՄԱՆՔ


Զարմանք

Չէ, իրոք, շոգն իրենն անում է: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԸ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին հարցազրույց է տվել եւ խոսել հիբրիդային պատերազմից՝ մի այնպիսի լեզվով, որ մտածում ես՝ Կրեմլը ոչ միայն սցենար է գրել, այլ նույնիսկ դերաբաշխում է արել։ Ըստ նրա՝ առավոտյան ժամը 11-ին պատերազմ չսկսվի, չի նշանակում՝ մինչեւ երեկո ապահով ես։ Եվ սա ասում է ոչ թե մի հասարակ վերլուծաբան, այլ քաղաքական գործիչ: Բայց սա դեռ ամենը չէ։ Անահիտ Ադամյանի կարծիքով՝ բարերար Սամվել Կարապետյանը փաստացի կալանավորված է Ռուսաստանի համար, ոչ թե` Հայաստանի։ Այսինքն՝ հիբրիդային պատերազմը մեզ վրա է, բայց պատանդները՝ իրենց համար: Դուք բան հասկացա՞ք, մենք էլ՝ չհասկացանք:

Թունդ հակառուսական իշխող քաղաքական ուժը, որն առիթը բաց չի թողնում Ռուսաստանին քննադատելու համար եւ իր ստեղծման օրից կողմ է եղել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, հանկարծ սկսել է գովերգել նույն այդ միությունը: Էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ սոցցանցի իր էջում ՌԴ արտահանված ծիրանի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել՝ գրելով. «Եթե կհիշեք, երբ ծիրանի արտահանումը այս տարի նորնոր էինք սկսել, եւ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար մի քանի մեքենա ծիրան հետ էին ուղարկել ՌԴից Հայաստան, մեր պսեւդո ընդդիմությունն ու պսեւդո փորձագետտնտեսագետքաղաքագետ ու ամենինչագետները մամուլով ու սոցցանցերով գոռգոռում ու անկանոն շարժումներ էին անում, թե բա՝ հասեք, փրկեք, հարայհուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում եւ թափվում է ծառերի տակ: Իսկ հիմա ներկայացնեմ վիճակագրությունը հունվարհուլիսի համար.2024-ին արտահանվել է 32676 տոննա ծիրան, 2025-ին՝ 51677 տոննա ծիրան։ Աճը կազմում է 19001 տոննա կամ 58,2 տոկոս»։ Ասել-ասել էր, մի քիչ էլ անկեղծանար Պապոյանը, պիտի հավելեր՝ մերսի քեզ, Պուտին Վլադիմիրիչ:

Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ այսուհետ քաղաքականության մեջ կհիշվի ոչ միայն քաղհասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելով, այլ նաեւ՝ սեփական թիմը: «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ տեղեկացրել, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը կապ չունի Հայկ Մարությանի հետ: ««Ազգային առաջընթաց» խմբակցությունը մենք ենք՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադիրներն ու անդամները, իսկ Հայկ Մարությանը եւ նրա կողմից նշանակված խմբակցության ղեկավարը, որոնք մեր ցուցակով ընտրվել են ավագանի, որեւէ կապ չունեն այդ խմբակցության բուն էության հետ, այսինքն՝ նրանց ելույթները, խոսքերը, գրառումները կամ հայտարարությունները մեր անունից չեն, այլ Մարությանի անունից են կամ իրենց նոր ուժի անունից։ Այսուհետեւ «Ազգային առաջընթաց» կուսակցության ու խմբակցության անունից հայտարարությունները չխառնեք մարությանական ելույթների հետ։ Այս մարությանական խմբակը դեմ է հանդես եկել մեր գրեթե բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետ Ավինյանի իմպիչմենթի նախաձեռնություններին, դրա փոխարեն նրանք ուժ ու եռանդ չեն խնայում ինձ՝ մեր խմբակցությունից հեռացնելու անհաջող փորձեր անելու համար. վերջերս խնդրել են Ավինյանի աշխատակազմին, որ ինձ տեղափոխեն նիստերի դահլիճի ամենավերջ, հանեն ինձ հանձնաժողովներից, հանձնարարել են խմբակցության փորձագետներին չկատարել իմ հանձնարարությունները, փոխել են սենյակի բանալին, որ ես չկարողանամ քաղաքացիների ընդունելություն կազմակերպել եւ այլն։ Կարճ ասած՝ մանկապարտեզ»: Իրոք որ՝ լրիվ մանկապարտեզ է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Leave a Comment