«Պայծառափայլ» պատգամավորը եւ իր մութ «վկայությունները»


Ներքաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, կարծես, ստանձնել է հակաեկեղեցական քարոզչության ակտիվ մունետիկի դերը։ Վերջինս պարբերաբար հարցազրույցներ է տալիս իշխանամետ լրատվամիջոցներին՝ հանդես գալով մակերեսային ու աղճատված մեկնաբանություններով, որոնք բացահայտում են նրա կրոնական անտեղյակությունը եւ տգիտությունը։ Վերջին հարցազրույցում, որը տեւել է շուրջ 20 րոպե, պատգամավորը երկու անգամ սխալ է հիշատակում Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Պայծառակերպության տոնը՝ այն անվանելով «Հիսուսի պայծառափայլություն»։ Սա ակնհայտ վրիպակ չէ, որովհետեւ վերջինս նույն սխալը կրկնում է երկու անգամ։ Բայց սա դեռ ամենը չէ։

Գրիգորյանը, խոսելով հասարակության վարքի մասին, այնպիսի տրամաբանությամբ է առաջնորդվում, որ եթե որեւէ մեկը ուրիշի մասին իր տանը բամբասում է, ապա բամբասանքի առարկան մեղավոր է։ Եթե այս կերպ մտածենք, ապա նույն ձեւով կարելի է դատել իշխանության մասին, որի հասցեին տներում մարդիկ ամեն օր ինչեր ասես՝ չեն խոսում։ Այդ դեպքում ինչո՞ւ է պատգամավորը շարունակում պաշտոնավարել։ Ըստ պատգամավորի` Հայաստանում ատելության մթնոլորտ չկա։ Սակայն, սա ակնհայտ ապատեղեկատվություն է։ Հայաստանում հասարակությունը բեւեռացված է, հոգեբանական լարվածությունն աննախադեպ է, բարոյահոգեբանական ճնշվածությունը՝ ակնհայտ։

Հարցազրույցում ԱԺ պատգամավորը թույլ է տալիս իրեն հրապարակային կերպով վիրավորել եկեղեցականին՝ նրան անվանելով սատանա։ Վստահ ենք, որ սա հետեւանք չի ունենալու, որովհետեւ իշխանավորներն ում ուզում՝ ինչ ուզում ասում են։ Էլ չենք խոսում, որ վերջինս հպարտությամբ է նշում, որ Հայոց Հայրապետին դիմել է «ավազանի անունով»։ Իրեն ներկայացնում է իբրեւ բարեպաշտ քրիստոնյա, սակայն իր պատմածով հակասում է իրեն։ Օրինակ՝ նա ասում է, որ Նիժնի Նովգորոդում, երբ քահանան մերժել է իր կնքահայրությամբ մկրտություն իրականացնել, իր հարազատները մոտեցել են հոգեւորականին եւ ասել, որ վերջինս բռնկվող է, կարող է ծեծել հոգեւորականին։ Այսինքն՝ Գրիգորյանը, իր հարազատների շրջանակում, հենց այս նկարագիրն ունի։ Այստեղ, մեղմ ասած, խնդիր կա` իր քրիստոնեական բարեվարքության հետ կապված, եթե այլ կերպ չբնորոշենք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment