Ինչպես հնարավոր դարձավ վաշինգտոնյան ձևաչափը. փորձագետ Արմեն Պետրոսյանը մանրամասնել է


Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիտարկելով Վաշինգտոնում տեղի ունեցածը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ոսպնյակից:

«Հայաստան-Ադրբեջան կարգավորման նոր վաշինգտոնյան ձևաչափի հետ կապված արտաքին արձագանքները ևս տարաբնույթ են անթաքույց ողջունողներից, նոր իրողությունների զորու դիրքավորվողներից մինչև նոր ձևաչափի զարգացումը խոչընդոտել ցանկացող/պատրաստվողներ։

Մինչդեռ վաշինգտոնյան ձևաչափը հնարավոր եղավ, քանի որ․

1. 2020 թ․ չկանխվեց Ադրբեջան-Արցախ-Հայաստան պատերազմը, կամ առնվազն չկանգնեցվեց այլ դիրքային մակարդակում։

Ընդ որում՝ սա վերաբերում է ինչպես բուն պատերազմի մասնակիցներին, այնպես էլ շահագրգիռ արտաքին խաղացողների կարողություններին։

2. 2022 թ․ Ռուսաստանը որոշեց պատերազմել Ուկրաինայի դեմ և հակամարտել Արևմուտքի հետ՝ ստորադասելով այլ կենսական տարածաշրջաններում իր ազդեցության պահպանման կարևորությունը։

Արևմուտքը՝ հատկապես ԵՄ-ն, ներքաշվեց Ռուսաստանին հյուծելու դիմակայության մեջ՝ իր ռեսուրսների առյուծի բաժինն ուղղելով Ուկրաինա։

3. 2023 թ․ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, և որևէ պատասխանատու և շահագրգիռ դերակատար չկանխեց դա։

4. 2023 թ․-ից սկսվեց և ցայժմ շարունակվում է Գազայի պատերազմը, և որևէ մեկը հետևողական չէ կանգնեցնել մերօրյա ամենասարսափելի հումանիտար աղետը։

5. 2024 թ․ տեղի ունեցան պատերազմը Լիբանանում և իշխանափոխությունը Սիրիայում, և նշված երկրներում ազդեցություն ունեցող դերակատարները չկարողացան, անգամ չփորձեցին պահպանել իրենց դիրքերը։

6. 2025 թ․ տեղի ունեցավ Իսրայել-Իրան պատերազմը՝ հայտնի արդյունքներով։

7. 2025 թ․-ից Սպիտակ տանն իշխանությունը ստանձնեց Դոնալդ Թրամփի գլխավորած թիմը։

Հետևաբար տարբեր մայրաքաղաքներից Հարավային Կովկաս հասնող մտահոգություններն ընդամենը անհույս հևոցներ են, ոչ ավելին։

Աշխարհի փոփոխման ընթացքը, ձևավորվելիք աշխարհի նոր կարգը ճշգրտորեն, չկանխատեսող, չգնահատող դերակատարներն իրենք են որոշել իրենց առաջնահերթությունները, դրանք ապահովելու մեթոդները՝ գուցե նաև գերագնահատելով սեփական և թերագնահատելով հակառակորդների/մրցակիցների հնարավորությունները։ Եվ դրանից անդին մեղավորներ փնտրելն ընդամենը ․․․ սրտի մխիթարանք է։

Հ․Գ․ Միևնույն ժամանակ անընդունելի է նաև Հայաստանից տարբեր հարթություններում հնչող «հաթաթաները, թե բա՝ տեսա՞ք՝ ինչ եղավ, ա՛յ «Պողոս-Պետրոս, ձեզ ոնց ֆուկ արեցինք»․․․ պատկերավոր ձևակերպումների ներքո։

Ավելին՝ այն ինչ արվում, արվելու է Հայաստանի համար, տարածաշրջանի ինքնավարության ամրապնդման համար, պետք է ձևակերպվի «հանուն», այլ ոչ երբեք «ընդդեմ» նպատակների ներքո»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

231 դիտում

Leave a Comment