Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին, նկատում է՝ փաստաթուղթը ահռելի քայլ առաջ էր խաղաղության հաստատման ուղղությամբ:
Ըստ Քոչինյանի՝ Վաշինգտոնում միջանցքային տրամաբանությունը՝ «Զանգեզուրի միջանցքը»՝ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, ամբողջությամբ չեղարկվեց, դրա փոխարեն առաջ բերվեց կոմունիկացիաները ապաշրջափակելու խոսույթը:
Օգոստոսի 8-ի փաստաթուղթը և դրա հնարավոր ամենավատ ընթերցումը, ըստ նրա, ավելի լավն է, քան Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հնարավոր ամենալավ ընթերցումը, որովհետև այս դեպքում մտցված է փոխադարձություն հասկացությունը. եթե միջանցք չէ, միջանցք չէ ոչ մեկի համար, եթե միջանցք է, ապա միջանցք է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար:
Քոչինյանը նկատում է՝ Հայաստանում տարբեր մարդիկ խոսում են՝ վա՜յ, հեսա վաղը Իրանը հարձակվելու է, տարածքներ վերցնելու, սակայն այդ այդ մարդկանց ասածը, արածը, նրա դիտարկմամբ, պարզապես ամոթ է. «Պետք է ապուշ լինել նման հայտարարություններ անելու համար»:
Զրուցակիցը համոզված է՝ այս ամբողջ գործընթացից աշխարհաքաղաքական իմաստով հիմնական տուժողը Ռուսաստանն է, նրա համար խոշորագույն աշխարհաքաղաքական պարտություն է, նաև այն փաստը, որ այդ պատմական կադրերը, խաղաղությունը տեղի են ունենում Վաշինգտոնում: Վերջինիս դիտարկմամբ՝ սրանով է պայմանավորված այն, այսպես ասած, «վայնասունը», որ բարձրացրել են մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, նախկին կամ ներկա լրագրողներ, որոնք իբրև թե «հակամիջանցք» շարժում են անում, բայց հենց նույն մարդիկ որոշ ժամանակ առաջ կողմ էին ռուսական միջանցքի ստեղծմանը:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին՝ Քոչինյանն ասում է՝ ինքը Մինսկի խմբին վերաբերել և վերաբերում է որպես բանակցային գործընթացում մանրադրամի. «Մանկամտություն էր մտածել, որ Մինսկի խումբը գալու է հայոց հարցը լուծելու»:
Միաժամանակ քաղաքագետը ընդգծում է՝ ո՛չ պետք է էյֆորիայի տրվել, ո՛չ ապոկալիպտիկ տրամադրության մեջ ընկնել, այլ անդադար աշխատել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
236 դիտում