ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Դատախաազությունից:
Գլխավոր դատախազությունը պատասխանողներից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով, պահանջում է բռնագանձել պետության և Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670.000.000 ՀՀ դրամ վնասը։
Գումարը, որը Դատախազությունը պահանջում է համապարտության կարգով բռնագանձել, այն գումարն է, որը պետությունը 2018-ի թավշա հեղափոխությունից հետո հատուցել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո Մարտի 1-ի բողոքի ցույցերի հետևանքով զոհվածների հարազատներին։
Նշենք, որ 2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի դեմ։
Հայցապահանջը, որը դատարանն ստացել է օգոստոսի 11-ին, մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը ավելի վաղ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:
Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
234 դիտում