Լայն զանգվածը վաղուց հասկացել է իրականությունը՝ արդեն դժվար է խաբել. Արա Վարդանյան


Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ ներհայաստանյան իրադարձությունների առնչությամբ զարգացող գործընթացներին:

Պետության եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները ոչ միայն չեն կարգավորվում, այլ դարձել են առավել բարդ եւ համակարգային բնույթի, ինչն ակնհայտորեն չի մատնանշում մոտ ապագայի հանգուցալուծում։ Այս համատեքստում հաճախ են հնչում լուրեր, որ որոշ շրջանակներ մտադիր են սկսել նոր արշավ՝ ուղղված մեր ազգային Եկեղեցու հեղինակության նվազեցմանն ու ազդեցության թուլացմանը՝ տարբեր մեթոդներով ազդելով հանրության տարբեր շերտերի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին:

Կարելի է ասել, որ այստեղ խոսքը պարզ հակամարտության մասին չէ: Ես չեմ կարծում, որ մենք ունենք հասարակական լայնածավալ կոնֆլիկտ եկեղեցու եւ պետության միջեւ՝ ինչպես դա կարող է ընկալվել առաջին հայացքից: Իրականում, մենք կանգնած ենք այն իրավիճակի առջեւ, երբ պետությունը` որպես ինստիտուտ, միանշանակ հակամարտության մեջ չէ եկեղեցու հետ, այլ հակամարտությունը կառավարվում է պետական կառավարման որոշակի շրջանակների կամ խմբակի կողմից, որը պետությունը զավթել է, եւ որի անդամները փորձում են իրենք իրենց շահերն առաջ տանել՝ օգտագործելով իշխանությունը՝ ի վնաս ազգային արժեքների ու ինստիտուտների:

Այստեղ նաեւ ակնհայտ են արտաքին դերակատարները, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք նույնպես այս գործընթացում իրենց շահերն ունեն եւ փորձում են ազդել իրավիճակի վրա՝ ուղղակի կամ անուղղակի ձեւով՝ ճնշումներ գործադրելով եկեղեցու վրա: Այս պատճառով, կարծում եմ, որ այս հակամարտությունը ոչ միայն ներքաղաքական է, այլ նաեւ ազգային եւ նույնիսկ տարածաշրջանային նշանակություն ունի՝ ընդգրկելով տարբեր քաղաքական եւ դիվանագիտական գործոններ:

Ես չեմ հավատում, որ ներկայիս իշխանությունը, որն առաջնորդում է այս գործընթացը, իսկապես կարող է կոչվել պետականության կամ ազգային շահերին ծառայող կառույց: Իրականում, սա փոքր խմբակի ազդեցության ներքո գտնվող իշխանություն է, որն ամեն կերպ փորձում է պահպանել իր դիրքերը, նույնիսկ եթե դա նշանակում է խարխլել ազգային ինստիտուցիաները, վերացնել կամ նվազեցնել Սփյուռքի կապը Հայաստանի հետ:

Կառավարության որոշ քայլեր, ինչպիսիք են Սփյուռքի նախարարության փակումը, ուղիղ ազդում են հայության ներքին միավորման վրա եւ նպատակ ունեն թույլ չտալ Սփյուռքին մնալ որպես մի ամբողջ, միասնական ուժ, որը կապում է հայկական պետությունը եւ ժողովրդի ներքին արժեքները: Իսկ եկեղեցին, ինչպես նշեցի, մնում է այդ միջանցքը, որն այս պահին միավորում է հայությանը, պահպանում է ազգային արժեքները եւ վեր է գործնական ու քաղաքական շահերից:

Այս պայքարը, որն այսօր ընթանում է եկեղեցու դեմ, որոշում է չորս հիմնական սկզբունքով.

Առաջինը՝ ժողովրդի ուշադրությունը շեղել իր իրական խնդիրներից՝ օգտագործելով իրավիճակներ, որոնք կոչվում են «միջանցքի տրամադրում», բայց իրականում այն միայն շեղում է ուշադրությունը եւ մարդկանցից թաքցնում իրական քաղաքական գործընթացները:

Երկրորդը՝ բավարարել արտաքին շահերը, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները, որոնց մտահոգությունն այն է, որ հայկական եկեղեցին շարունակի բարձրացնել ազգային եւ տարածաշրջանային հարցերը, ինչպիսիք են Արցախի վերադարձը, արցախցիների իրավունքները եւ հայրենադարձության գործընթացները:

Երրորդը՝ փորձել մասնատել ժողովրդին՝ օգտագործելով քարոզչություն, սոցիալական մեդիա եւ այլ արհեստական մեխանիզմներ, որպեսզի մի մասը չհավատա իրականությանը, իսկ մյուս մասը շեղվի երկրի հիմնական արժեքներից:

Եվ չորրորդը՝ պահպանել իրենց քաղաքական դիրքերը՝ իրական շահը առաջնային դարձնելով ազգային արժեքների եւ եկեղեցու կարեւորության նկատմամբ:

Այս ամենի արդյունքում եկեղեցին շարունակում է մնալ հայության համար մի սրբություն, մի պաշտպանական կառույց, որի միջոցով հնարավոր է բարձրաձայնել բոլոր հարցերը եւ պաշտպանել ազգային ինքնությունը: Չնայած ճնշումներին, ես չեմ կարծում, որ եկեղեցին կհանձնվի, որովհետեւ այն ունի հիմքեր, որոնք ավելի խորն են, քան ժամանակավոր քաղաքական ճնշումները: Ուրեմն՝ այս պայքարը, իրականում, կարող է դառնալ այն գործոնը, որը կորոշի ոչ թե իշխանության գոյությունը, այլ նրա ավարտը, եւ երկարաժամկետ հեռանկարում կամրապնդի եկեղեցու եւ ժողովրդի հարաբերությունները:

Պարոն Վարդանյան, իսկ դեպի ո՞ւր է տանում այս ամենը, եւ ինչպիսի՞ հետեւություններ պետք է անել:

Ընդհանուր առմամբ, եթե փորձեմ մի քանի բառով բնորոշել ներկայիս իրավիճակը, ապա կարելի է ասել, որ այս ամենը պարզապես իշխանությունը պահպանելու եւ իր էլեկտորատին կենդանի պահելու փորձ է։ Դրանք որոշակի նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ նա փորձում է սեփական դիրքերը պահպանել ամեն գնով։

Չեմ կարող վստահ ասել, որ այս քայլերը որեւէ կերպ ազդեցություն չեն թողնում իր հավատարիմների վրա. գուցե որոշ մարդկանց վրա դա իսկապես ազդում է։ Բայց այն լայն զանգվածը, որը վաղուց հասկացել է իրականությունը, արդեն դժվար է խաբել։ Ֆեյսբուքյան գրառումներով կամ արհեստական քարոզչությամբ նրանց համոզել այլեւս հնարավոր չէ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Leave a Comment