Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ կասկածվող հյուպատոսը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ. հարցաքննության ժամանակ նշել է, որ միայնակ չի գործել

Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ ձերբակալվել է Ավստիրայում հյուպատոս նշանակված Աշխեն Ալեքսանյանը  մոտ երկու ամիս առաջ Հայաստան վերադառնալիս՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։  Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

InfoPort.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ավստրիայում ՀՀ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանի ձերբակալությունից։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ նրան ձերբակալել են ոչ թե Ավստրիայից վերադառնալիս, այլ Ավստրիա մեկնելիս։ Նրա մոտ հայտնաբերվել են շատ կարևոր փաստաթղթեր, ինչը կասկածի տեղիք է տվել և ԱԱԾ խուզարկություններ է իրականացրել ԱԳՆ-ում։

Իր հերթին Factor.am-ը գրում է, որ Աշխեն Ալեքսանյանը եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։ ԱԱԾ-ն նրան հայտնաբերել և ձերբակալել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Մեզ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ Աշխեն Ալեքսանյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։

Թարմացում. Մի շարք թելեգրամյան ալիքներ մանրամասներ են ներկայացրել ԱԳՆ-ի աշխատակցի և ադրբեջանցու ենթադրյալ սիրային կապի մասին: «Աշխենը արտասահմանյան միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպել է մի ադրբեջանցի երիտասարդի։ Որոշ ժամանակ անց, հանդիպումներից և շփումներից հետո, նա գիշերել է նրա հետ։ Այս գործընթացը գաղտնի նկարահանվել է ադրբեջանական կողմի կողմից։ Որոշ ժամանակ անց տեսանյութը ցույց է տրվել Աշխենին, և դրա օգնությամբ նրան շանտաժի են ենթարկել, ստիպել են համագործակցել՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել տեսանյութը»:

Leave a Comment