«Քարոզչությամբ հնարավոր չէ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել»․ Գարիկ Քեռյան

«Քարոզչությամբ հնարավոր չէ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես տեսնում ենք ներհայաստանյան քաղաքական դիսկուրսի կենտրոնում առայժմ խաղաղության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցերն են: Քննարկումների առյուծի բաժինը այս թեմաներն են կազմում: Բայց ինչ-որ պահի, երբ ընտրությունները առավել մոտ կլինեն, համոզված եմ, որ առաջին պլան կգան նաև սոցիալ-տնտեսական հարցերը: Իշխանությունները կբերեն փաստական և վիճակագրական տվյալներ զարգացման, կենսամակարդակի աճի, սոցիալական բարեկեցության մակարդակի բարձրացման մասին, ընդդիմությունը նույն ակտիվությամբ կքննադատի և հակափաստարկներ կներկայացնի: Ինչ հետևություններ կանեն մեր ընտրողները, համոզված եմ, որ վճռական նշանակություն կունենա 2026 թ.-ին: Ներկա քաղաքական գործընթացները վկայում են, որ սոցիալական գործոնը առաջնային նշանակությունը պահպանում է բոլոր երկրներում: Պաշտոնական վիճակագրության նկատմամբ դրական և բացասական վերաբերմունքը պայմանավորված է յուրաքանչյու մարդու կողմից իր սոցիալական կացության գնահատականի վրա: Իհարկե խաղաղության պահպանումը ուժեղ փաստարկ է լինելու իշխող քաղաքական ուժի ձեռքում, որն ինտենսիվ օգտագործվելու է նախընտրական ամիսներին: Մնում է սոցիալական վիճակի և կենսամակարդակի գործոնը: Սա առավել բարդ խնդիր է, որովհետև քարոզչությամբ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել հնարավոր չէ: Ի դեպ կա երկու իրողություն սոցիալ-տնտեսական զարգացման հայաստանյան իրականության չափման համար, որոնք չգիտես ինչու կարծես քննարկումներից դուրս է մնում: Դրանք են 1. ներգաղթ-արտագաղթ հարաբերակցությունը և 2. օտարերկրյա ներդրումների չափերը: Այս երկուսը իմ և շատերի համար սոցիալ-տնտեսական զարգացման իրական չափման միջոց են»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան

Leave a Comment