
Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, այսօր Չինաստանում հայտարարել են այդ երկրի նախագահ Սի Ծինփինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման արդյունքներով: Նշվել է, որ այդ մասին ընդունվում է համատեղ հայտարարություն:
Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր է ժամանել Չինաստան՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Ծինփինի հետ զրույցում նա վերահաստատել է Երևանի ցանկությունը՝ անդամակցելու ՇՀԿ-ին: Նրանք պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակում:
Թիենծին քաղաքում կայացած հանդիպմանը Սի Ծինփինը եշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Փաշինյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։
Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:
Առաջիկա չորս օրերին նախատեսված գագաթնաժողովը կլինի ամենամեծը ՇՀԿ-ի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում։