Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին Թիենծին քաղաքում ընդունվել է համատեղ հայտարարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքում, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

Ծինփինը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:

Փաշինյանի խոսքով, Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Երևանը պաշտոնապես միացել է։

Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:

ՀՀ վարչապետը վերահաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը։

Օգոստոսի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Չինաստանի հետ ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2025-ի առաջին չորս ամիսներին կազմել է 58%։

Leave a Comment