Պեկինը սատարում է Ադրբեջանի «սուվերեն զարգացման մոդելին»․ Չինաստանի նախագահ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պեկինը սատարում է Ադրբեջանի «սուվերեն զարգացման մոդելին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Չինաստանի ղեկավարը նաև նշել է, որ երկու երկրների միջև կապերը զարգանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակով: Նրա խոսքով, ՉԺՀ-ի և Ադրբեջանի համագործակցությունն ամրապնդվում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:

Սի Ծինփինը նշել է Ադրբեջանի տարածքով չինական ապրանքների տարանցման կարևորությունը։ ՉԺՀ Նախագահն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության նշանակությունը կայուն խաղաղության ապահովման համար: Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և երկու երկրների միջև արդեն հաստատվել է խաղաղություն:

Ալիևի խոսքով, ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն աջակցում է Չինաստանի դիրքորոշմանը Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի հարցերում, և որ Ադրբեջանն առաջին երկրներից մեկն էր, որը դատապարտեց Թայվանում անցկացված ընտրությունները:

2024 թվականի հուլիսին Չինաստանն ու Ադրբեջանը համատեղ հռչակագիր էին ընդունել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։

Leave a Comment