Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը պատրաստվում են հրաժարվել դրոշների վրա սվաստիկայի պատկերից

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը, որոնք վերջերս միացել են ՆԱՏՕ-ին, պատրաստվում են հրաժարվել մի շարք դրոշների վրա սվաստիկայի օգտագործումից, հայտնում է Associated Press-ը։
Թեև նշանը հայտնվել է ֆիննական ավիացիայում դեռևս նացիստական Գերմանիայից առաջ և համարվել է հաջողության հնագույն խորհրդանիշ, այսօր այն հակասական արձագանքներ է առաջացնում դաշնակիցների և օտարերկրյա հյուրերի շրջանում։
Սվաստիկան առաջին անգամ հայտնվել է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերում 1918 թվականին, երբ շվեդ ազնվական Էրիկ ֆոն Ռոզենը երկրին նվիրել է առաջին ռազմական ինքնաթիռը՝ զարդարված իր անձնական խորհրդանիշով։ Ֆիննական ավիացիան կապույտ սվաստիկան սպիտակ ֆոնի վրա դարձրել է ազգային նշան, որը կիրառվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, իսկ հետագայում պահպանվել է որոշ դրոշների և նշանների վրա։
Չնայած այն հայտարարություններին, թե ֆիննական սվաստիկան կապ չունի նացիստների հետ, դրա առկայությունն ավելի հաճախ  անհարմարություն է առաջացնում։ Հելսինկիի համալսարանի համաշխարհային քաղաքականության պրոֆեսոր Թեյվո Թեյվայնենը հիշեցրել է, որ 2021 թվականին գերմանացի զինծառայողները հրաժարվել են մասնակցել Լապլանդիայում անցկացվող զորավարժությունների եզրափակիչ արարողությանը՝ տեղեկանալով խորհրդանիշի ցուցադրման մասին։
Պաշտոնյաները ընդգծում են, որ դրոշների թարմացման որոշումը կայացվել է դեռևս 2023 թվականին՝ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալուց անմիջապես հետո, սակայն այն ուղղակիորեն կապված չէ անդամակցության հետ։ Նպատակը՝ խորհրդանիշները առավել համապատասխանեցնելն է ռազմաօդային ուժերի ժամանակակից ինքնությանը։
Կարելական ավիակրողի հրամանատար, գնդապետ Թոմի Բյոմը նշել է, որ «դրոշը կարելի էր շարունակել օգտագործել, սակայն օտարերկրյա հյուրերի ներկայությամբ առաջանում են անհարմար իրավիճակներ, ուստի ավելի խելամիտ է քայլել ժամանակի հետ»։
Նոր դրոշները, որոնց վրա սվաստիկայի փոխարեն պատկերված կլինի արծիվ, կօգտագործվեն շքերթների և հանդիսավոր միջոցառումների ժամանակ։ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը ընդգծել են, որ սա խորհրդանիշների աստիճանական արդիականացման տրամաբանական շարունակությունն է, որը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ։

Leave a Comment