Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) յոթերորդ տուրի արտագնա խաղում «Կրասնոդարը» 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ Խաղը տեղի է ունեցել VEB Arena-ում։
ԲԿՄԱ-ի կազմում հաշիվը բացել է Մատվեյ Կիսլյակը (36-րդ րոպե)։ «Կրասնոդարի» կազմից հաշիվը հավասարեցրել է Ջոն Կորդոբան (44)՝ Էդուարդ Սպերցյանի փոխանցման շնորհիվ: Առաջին խաղակեսում մրցավարները չեղյալ են հայտարարել յուրաքանչյուր թիմի մեկական գոլը։
56-րդ րոպեին Կորդոբան կարմիր քարտ է ստացել ԲԿՄԱ-ի պաշտպան Մոյսեսի դեմ վտանգավոր խաղի համար։ Կորդոբայի հեռացումից հետո խաղադաշտում վիճաբանություն է ծագել, ինչի հետևանքով երկու թիմերի գլխավոր մարզիչները՝ Մուրադ Մուսաևը («Կրասնոդար») և Ֆաբիո Չելեստինին (ԲԿՄԱ), ինչպես նաև Կիսլյակն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Դուգլաս Աուգուստոն ստացել են դեղին քարտեր:
Ի դեպ, Սպերցյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել է երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին։
«Կրասնոդարը» պահպանում է առաջատարությունը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում՝ վաստակելով 16 միավոր: ԲԿՄԱ-ն, Կալինինգրադի «Բալթիկան» և Մոսկվայի «Լոկոմոտիվը» հաջորդում են 15 միավորով: Հաջորդ փուլում ԲԿՄԱ-ն կխաղա «Ռոստովի» դեմ: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: