Փոքրիկ Հայաստանս սկսում է ավելի ու ավելի տեսանելի դառնալ գլոբալ խաղատախտակին ու առաջին հերթին հետաքրքրել խոշոր և միջին խաղացողների․․․

ՄԱՀՀԻ փորձագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Փոքրիկ Հայաստանս սկսում է ավելի ու ավելի տեսանելի դառնալ գլոբալ խաղատախտակին ու առաջին հերթին հետաքրքրել խոշոր և միջին խաղացողների․․․ Մի բան, որի մասին երազում էինք տասնամյակներն առաջ՝ ունենալ շատ պարզ, բազմաազիմուտ հարաբերություններ, ունենալ կարևորություն աշխարհի այլ երկրների համար, որպեսզի մեր վրայով «անցնելը» հեշտ ու անցավ չլինի, կամ մեզ չդիտարկեն ինչ-որ մեկի «գրպանի տուզիկը»․․․

Արցախյան հարցով մեր վարած քաղաքականության վրա ճակատագրորեն երկու գործոն է ազդել․ 

մեկը՝ երկրի ղեկավարների ներքին լեգիտիմությունը, որի պակասի պատճառով հաճախ կարողացել են նրանց դրդել համաձայնել ոչ հայամետ կամ ոչ այնքան հայամետ լուծումների, ու այդ ամենը՝ հանուն երկում իշխանության պահելու դիմաց,

երկրորդը՝ աշխարհում ծավալվող գլոբալ խաղերում ոչ մեկին հետաքրքիր չլինելը, հավերժ մեկին նվիրվելն ու ոչ մեկի բարեկամ չդառնալը, ու արդյունքում մեզ համար անշահեկան ռազմավարական բալանսի հետ բախվելը, երբ հայտնաբերեցինք, որ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ սկսելու համար առնվազն մեզ հաղթելու ու Արցախը մեր ձեռքից վերցնելու հարցում 4 ակտիվ դաշնակից ունի ու ստատուս-քվոն փոխելու հարցում տասնյակներով պասիվ համախոհ, իսկ մենք 0 դաշնակից ունենք Արցախն ու ստատուս-քվոն պահելու հարցերում.․․

Պետք չէ այդ ամենում միակ ու մինուճար մեղավոր կարգել կարգավորման տարբեր տարբերակներում Արցախի լիակատար անկախացման փաստը տորպեդահարած Մինսկի խմբի, մյուսին, էթնիկական կոնֆլիկնտերնը շահագործելու գերտերությունների՝ ԽՍՀՄ թե Ռուսաստան․․․ Ամեն ինչ արտացոլել ու արտացոլելու է երկրի ներքին ու արտաքին ուժը․․․ Մենք ոչ ներքին ուժն ենք ստեղծել, ու ուրիշի, ավելի ստույգ՝ Ռուսաստանի արտաքին ուժը համարել նաև մեր արտաքին ուժը, չցանկանալով ճանաչել, որ դա այդպես չէ․․․

Մեր ամենամեծ չարված տնային աշխատանքը ներքին ժողովրդավարությունն էր, որը տրորեցինք ու չստեղծեցին մեր արտաքին նպատակների լեգիտիմության ներքին հիմքը, և բարեկամներ ու ընկերներ ձեռք բերելու ցանկության բացակայությունը․․․

Մենք արտաքին քաղաքական հարաբերություններն էլ նույնացրեցինք ընտանիքի մոդելի հետ՝ մեզ հռչակելով անդավաճան կողակից պատմականորեն ընտրված միակ ու մինուճար “ամուսնուն”, չհասկանալով, որ արտաքին ու ներքին քաղաքականությունները նման բանաձևերով չեն կարող աշխատել․․․ Մենք նաև զոհը դարձանք այդ «ամուսնու» խանդի տեսարաններին՝ ամեն անգամ փորձելով ավելի մեծ հավատարմություն հայտնել նրան․․․

Եթե կուզեք իմանալ, ապա իմ կարծիքով մեր ողբերգությունը գալիս է շատ այլ տեղերից, բայց ոչ այնտեղից, որտեղ փնտրում ենք։ 

Ու այսօր կարծես բան է փոխվում․․․ Հայաստանի հետ փորձում են ընկերանալ ու լավ լինել շատերը․․․ Ափսոս, որ այս ամենը ուշ ենք անում։ Իսկ Ադրբեջանը դա անում էր դեռ 1995թ-ից․․․

Leave a Comment