Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ․ Կաթողիկոսի ուղերձը

Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ․ Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

_____________________

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում աշակերտներին, ուսանողներին և կրթության գործի մշակներին։

 

Իմացության շնորհը և գիտելիքների ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ են, որ բարիք են ստեղծում, երբ մարդկային կյանքը խարսխվում է առ Աստված հավատի և տերունավանդ պատգամների վրա։ Սուրբ Գիրքն ուսուցանում է․ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը։

․․․Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես․․․» (Առակ․ 1․2, 2. 10-12)։ Այս գիտակցությամբ է ապրել մեր ժողովուրդը՝ գիտելիքի հանդեպ անխախտ սերն իր հոգում, որով և դարերի հոլովույթում հաղթահարվել են ժամանակի փորձությունները, ստեղծվել է հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությունը։

 

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, այսօր ձեզ համար սկսվում է եռանդուն աշխատանքի, գիտելիքների յուրացման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման ևս մեկ շրջան:

 

Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարող լինեք ամբարած ձեր գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին:

 

Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-Մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ։

 

Մեր աղոթքն է, որ Բարին Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի։ Թող Տերը Իր շնորհներով հոգու պայծառություն և ուշիմ միտք պարգևի մեր բոլոր զավակներին և առատորեն օրհնի ուսման ու կրթության գործի նվիրյալների ջանքերը:

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի։

 

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Leave a Comment