Մեզ սպասվում է հագեցած և ակտիվ ուսումնական տարի. շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը. Ժաննա Անդրեասյան


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:


 


Ուղերձում ասված է.


 


«Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ,


 


Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների թիվը, ընդ որում՝ այցելությունը դիտարկելով ոչ միայն իբրև ժամանց, այլև կրթական գործընթացի մաս։ Բազմաթիվ նախագծեր և քննարկումներ իրականացրեցինք, միասին անցկացրեցինք մշակութային վերջին զանգ՝ նոր մոտեցումներ դնելով կյանքի այդ կարևոր փուլն ամփոփելու օրվա մեջ։


 


Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ ջանքի համար։ 


 


Մշակութային կրթությունը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը։ Մենք սիրով սպասում ենք ձեզ մեր թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում՝ նոր ծրագրերով և ներկայացումներով։ Ի դեպ, շարունակելով նախորդ տարի մեկնարկած ավանդույթը՝ այս տարի նույնպես մեր երկրի Անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից սկսած, կարող եք այցելել Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու Լուվրի թանգարանի հետ համատեղ բացվող ցուցադրությունը։ 


 


Այս ուսումնական տարին անվանել ենք անվտանգ և ապահով կրթության տարի։ Միասին խոսելու ենք շատ կարևոր թեմաներից, առավել մեծ շեշտադրում ենք անելու առողջ, վնասակար սովորություններից զերծ, ֆիզիկապես ակտիվ վարքականոնի ձևավորման վրա։ Փորձելու ենք ուսումնական հաստատություններում ձևավորել առավել ապահով և պաշտպանված միջավայր բոլորի համար՝ սովորողների, ուսուցիչների, դասախոսների, այլ մասնակիցների՝ կանխարգելելով և բացառելով ցանկացած տիպի բռնությունը։ Խրախուսելու ենք ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ կազմակերպելով առանձին հանդիպումներ մեր անվանի մարզիկների հետ և նրանց օրինակից սովորելով։ Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու թվային գրագիտության և թվային միջավայրում անվտանգ ու պաշտպանված գործելակերպին։ Այդ ամենը ուղեկցելու ենք վերապատրաստումներով, նախագծերով, համատեղ աշխատանքով։ 


 


Չկա խնդիր, որի մասին չենք կարող խոսել։ Մեր հաստատությունները պետք է լինեն միջավայրեր, ուր ամեն օր շտապում ես՝ սիրով, նորը բացահայտելու և ստեղծագործելու ակնկալիքով։ Մեզ սպասվում է հագեցած և ակտիվ ուսումնական տարի։ Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Առանձնապես շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին. ձեր կյանքում սկսվում է մի նոր փուլ՝ ամենալուսավոր և ամենակարևոր փուլերից մեկը։ 


 


Լավ սովորեք, որ լավ ապրեք։  


 


Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը»։


 


Դիտումների քանակ3

Leave a Comment