Փաշինյանի հետ հանդիպմանը Էրդողանը գոհունակություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան գործընթացում առաջընթացի կապակցությամբ

Քաղաքականություն

01.09.2025 | 10:30

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերի լույսի ներքո։

«Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, ընդգծել Թուրքիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և ասել, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումը գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը նաև նշել է, որ քննարկվում են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment