Հիշե՛ք, ձեր նպատակներին հասնելուց է կախված մեր երկրի ապագան – Live News

Հարգելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ,

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Կրթությունը մեր ժողովրդի ապագայի հիմքն է։ Այն պետք է լինի ազգային արժեքների պահպանման, ինքնության ամրապնդման և արդար հասարակության կերտման գործիք։ Ցավոք, վերջին տարիներին մենք հաճախ ականատես ենք լինում, որ կրթությունը դառնում է անուշադրության ենթակա ոլորտ։ Ուսուցիչները բավարար աջակցություն չեն ստանում, ուսանողները՝ բավարար հնարավորություններ և հանդիպում են խոչընդոտների նախաձեռնող լինելու դեպքում, իսկ դպրոցները՝ անհրաժեշտ պայմանների։

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, այս օրհասական պայմաններում ձեր հաստատակամությունը և ուսման հանդեպ սերը դառնում են առավել կարևոր։ Դուք եք այն սերունդը, որ պետք է կարողանա վերականգնել կրթության իրական արժեքը և այն դարձնել երկրի զարգացման գլխավոր ուղեցույց։

Թող այս նոր ուսումնական տարվա մեկնարկը հիշեցնի մեզ, որ առանց կրթված և ազգային արժեքներով դաստիարակված սերնդի մենք չենք կարող ունենալ ուժեղ ու անկախ Հայաստան։ Ես կոչ եմ անում բոլոր ուսանողներին չհիասթափվել և չվրդովվել դժվարություններից․ յուրաքանչյուր արգելք հաղթահարելի է։ Հիշեք, ձեր նպատակներին հասնելուց է կախված մեր երկրի ապագան, և հենց ձեր հաղթանակների շնորհիվ է, որ կկերտվի կրթված և ուժեղ հասարակություն։

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment