
Չինաստանը կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպության հետագա զարգացմանը, այդ թվում՝ ֆինանսապես։ Այս մասին այսօր Տյանցզինում ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացնում է CGTN-ը։
Նրա խոսքով՝ միայն այս տարի Չինաստանը ՇՀԿ անդամ երկրներին կհատկացնի 2 միլիարդ յուանի չափով դրամաշնորհներ: Հաջորդ երեք տարիների ընթացքում Չինաստանը ՇՀԿ միջբանկային ասոցիացիայի անդամներին կտրամադրի 10 միլիարդ յուանի չափով նոր վարկեր: Չինաստանը նաև հաջորդ տարվանից կկրկնապատկի ՇՀԿ-ի հատուկ կրթաթոշակների քվոտաները՝ երիտասարդական փոխանակումները և գիտատեխնիկական համագործակցությունը զարգացնելու համար:
Չինաստանի նախագահը նշել է, որ այսօր ՇՀԿ-ն արդեն դարձել է աշխարհի ամենամեծ տարածաշրջանային կազմակերպությունը՝ 30 տրիլիոն դոլար ընդհանուր տնտեսությամբ և ավելի քան 50 ոլորտներում համագործակցությամբ։ «Միևնույն ժամանակ, միջազգային իրավիճակի անկանխատեսելիության, անկայունության և անորոշության գործոնների աճի պայմաններում ՇՀԿ-ն ավելի մեծ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության և զարգացման պահպանման համար»,-նշել է նա։
Սի Ծինփինն առաջարկել է հետագայում զարգացնել կազմակերպությունը միասնության սկզբունքների հիման վրա՝ պահպանելով տարբերությունները, փոխշահավետությունը, առևտրային և ներդրումային ընթացակարգերի պարզեցումը, իրավահավասարությունը և արդարությունը, գործնական մոտեցումն ու արդյունավետությունը: Նա կոչ է արել հնարավորինս շուտ բացել ՇՀԿ անվտանգության սպառնալիքներին հակազդելու համընդհանուր կենտրոն և ստեղծել ՇՀԿ զարգացման բանկ։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ ՇՀԿ-ին որպես մշտական անդամներ միանալուն։ Ներկայումս այդ երկրները Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեն։