Անկախ տարբեր փորձություններից՝ մշտապես վառ ենք պահել իմացության ու կրթության ջահը. Հովնան Սրբազան

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը խոսք է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի մշակներ, այսօր հիրավի նշանակալից օր է բոլորիս համար, քանզի վերստին պատեհ առիթ է վերարժևորելու գիտելիքը, կրթությունը, ուսումը:

Ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում ենք և մեր օրհնություն ենք բերում բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Սկսվում է ևս մեկ ուսումնական տարի գիտելիքների ձեռքբերման ու արժեքների ամրապնդման՝ հիմնված ազգային և հոգևոր մեր հիմնասյուների վրա, որոնցով մեր զավակները հարազատ կմնան իրենց ինքնությանը և կկառուցեն իրենց կյանքն ու ապագան ի շահ մեր հայրենիքի։

Արդարև, անդրադառնալով մեր հազարամյա պատմության դժվարին ընթացքին՝ անհնար է չընդունել, որ հայն աշխարհի այն եզակի ազգերից է, ում համար գիտելիքն ու դպրությունը մշտապես գնահատվել են իբրև աստվածատուր արժեք:

Մեր հազարամյա պատմության ընթացքում՝ անկախ տարբեր փորձություններից, գոյապահպանման պայքարներից, մենք մշտապես վառ ենք պահել իմացության ու կրթության ջահը և շատ հաճախ հարատևել և հաղթել ենք իմաստնությամբ, գրչով, դպրությամբ, մշակույթով ու ստեղծագործ արարումով:

Արդ, մենք պարտավոր ենք արժանի և ուշադիր վերաբերմունք ու հոգատարություն ցուցաբերել մեր ուսումնատենչ մանուկների կրթության ու դաստիարակության գործին, քանզի նրանք մեր ազգի երջանիկ և արժանապատիվ ապագայի առհավատչյան են:

Առ Աստված աղոթքով օրհնում և մաղթում ենք բոլոր մանկավարժներին եռանդ, մեծ նվիրում, ջանասիրություն և ուշիմություն, արգասաբեր աշխատանք ու պայծառ միտք՝ մեր բոլոր սովորողներին»,- ասվում է Հովնան Սրբազանի ուղերձում։

–00—ՅՄ

Leave a Comment