Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը և, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, ևս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այո, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։
Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել և դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։
Ի դեպ կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին, ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները։
Իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները և այսպիսով արժեզրկել նաև Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։
Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչև Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»,- գրել է նա: