COP17 համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում. պետբյուջեում վերաբաշխում է կատարվել


Գործադիրը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում հավանության է արժանացրել Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։

Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում, և 5775.0 մլն դրամը կուղղվի COP17 համաժողովի կազմակերպմանը։

Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա՝ ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

196 դիտում

Leave a Comment