Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը։
Նա նշել է, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի, որոնցից 789-ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են։
«Մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ՝ նախորդ ցուցանիշից բարձր լինելով մոտ 37 տոկոսով։ Սա խոսում է ստվերից դուրս գալու միտման մասին»,-ասել է Թորոսյանը։
Նրա հավաստմամբ՝ ամբողջությամբ մարված վարկերի համար արդեն հատկացվել է շուրջ 156 միլիոն դրամ, սակայն 540 շահառու դուրս է մնացել ծրագրից՝ չբավարարելով նվազագույն աշխատավարձի պահանջները։
«Այս պահին ակտիվ շահառուների թիվը կազմում է 4381։ Վերջին վեց ամիսներին ծրագրի վրա ծախսվել է շուրջ 500 միլիոն դրամ, իսկ առաջիկա երեք ամիսներին նախատեսվում է հատկացնել ևս մոտ 500-525 միլիոն։ Ընդհանուր առմամբ, ծրագրին հատկացվել է մոտ մեկ միլիարդ դրամ։ Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ ծրագրի շահառուների պոտենցիալ թիվը կազմում է 218 հազար անձ, սակայն ընդգրկվածության մակարդակը դեռևս ցածր է»,- հավելել է նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի արդյունավետության բարձրացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի նպատակային աշխատել բանկային համակարգի հետ։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել է, որ քաղաքացիները ավտոմատ կերպով կարող են դառնալ ծրագրի շահառու և որևէ մերժում չի կարող լինել։ Ըստ նրա՝ բանկերի կողմից պրոակտիվ իրազեկումը կարող է մեծացնել մասնակցությունը, սակայն անհրաժեշտ է նաև խորքային վերլուծություն՝ պարզելու համար, թե ծրագրի պոտենցիալ շահառուներից քանի՞սն են իրականում Հայաստանում և պատրաստ օգտվելու այդ հնարավորությունից։
Թորոսյանը ի պատասխան հայտնել է, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն ֆորմալ զբաղվածություն և կարող են անմիջապես դիմել ծրագրին, հաճախ չեն օգտվում հնարավորությունից։
«Դրա համար մենք պետք է նույնիսկ անհատական մակարդակով առաջարկենք քաղաքացիներին, քանի որ այս ծրագիրը հենց իրենց համար է նախատեսված»,-եզրափակել է Թորոսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
135 դիտում