Արսեն Թորոսյանն ու թուրք նախարարը հանդիպել են Բելգրադում. հայտնի է` ինչ են քննարկել

Բաժանորդագրվել

Կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հանդիպումը կայացել է այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում։

«Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարելավման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության` կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան։

Հանդիպման ավարտին կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։

Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն. Նիկոլ Փաշինյան

Leave a Comment