Տեղական բյուջեի կատարողականը համայնքնային խնդիրները լուծելու հնարավորություն է տալիս

Արմավիրի մարզխորհրդի այսօրվա նիստում ամփոփվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման 9 ամսվա արդյունքները: Մարզի 7 խոշորացված համայնքները գրեթե բոլոր հարկերի գծով բարձր կատարողական ցուցանիշ ունեն, բացառությամբ պետական տուրքերի:

Արմավիրի մարզի համայնքներում տեղական բյուջեի եկամուտներն ավելանում են հիմնականում բերքահավաքի շրջանում, երբ քաղաքացիները բերքի վաճառքից հետո կարողանում են վճարել հարկերը։ Տեղական բյուջեն սկսվում է լցվել երկրորդ եռամսյակից հետո: Մարզխորդի նիստում մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արայիկ Հակոբյանը ներկայացնում է ինն ամսվա սեփական եկամուտների հավաքման արդյունքները։

«Փաստացի հավաքագրումը կազմել է 12 մլրդ 655 մլն դրամ, որը 2024թ նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1մլրդ 168 մլն դրամով»:

Գրեթե բոլոր հարկերի գծով համայնքների բյուջեն 100 և ավելի տոկոսով աճել է: Արայիկ Հակոբյանը նշում է, որ բարձր կատարողական ունեցող համայնքները փոխում են բյուջեի պլանավորումը՝ ընտրելով ավելի բարձր նշաձող:

«Համայնքներ կան, որ բյուջեում հենց հիմա փոփոխություններ են անելու, սեփական եկամուտներ են ավելացնում: Օրինակ՝ Խոյ համայնքը հիմա մեզ է ներկայացրել, որ պլանն ավելացնելու են, որովհետև իրենք հարկերը լավ են հավաքել և ուզում են ավելացնել, որ շատ աշխատանքեր կատարեն: Պլանավորվածից ավելի են հավաքել»:

Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը բյուջեի բարձր կատարողականը պայմանավորում է բնակիչների հետ հետևողական բացատրական աշխատանքով:

Համայնքում միավորված է 17 գյուղ, որտեղ գրեթե ողջ տարին գյուղատնտեսական աշխատանքները չեն դադարում: Տարին բարենպաստ էր, բերքի կորուստ գրեթե չկար, իրացումից էլ չեն դժգոհում, բացառությամբ ամիսներ առաջ ծաղկի շուկայում առաջացած խնդիրներից:

Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյան.

«Ըստ մեր պլանավորած հաշվարկների, մենք տարեվերջին կունենանք մեր հավաքագրված տվյալներից մոտ 50 մլն դրամ ավելի գումար: Երրորդ եռամսյակի համամետ մենք բյուջեն կատարել ենք 112 տոկոսով: Մոտ 38 մլն դրամ ավելի ենք հավաքագրել, իսկ տարեկան բյուջեի կատարողականի նկատմամբ էլ տարեվերջին էլի կունենանք բյուջեի ավելացում»:

Սեփական եկամուտների աճը համայնքներում ավելի շատ խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս: Մեծամոր համայնքի բյուջեն այս պահի դրութամբ կատարվել  է 57 տոկոսով, իսկ առաջիկա ամիսներին ակնկալում են 100 տոկոս կատարողական ապահովել՝ ասում է համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը: Իսկ ինչո՞ւ է ամենաշատ բնակավայր ունեցող համայնքում կատարողականն այդքան ցածր։

«Ռադիոլուրի» հարցին Էդգար Հովհաննիսյանն այս պատասխանը տվեց. «Քիչ չէ, անցած տարվա համեմատությամբ, այս պահի դրությամբ մոտ 40 մլն դրամ ավելի ենք հավաքել սեփական եկամուտները: Հիմա սեզոնային աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, արդեն մթերման գործընթացն է սկսվել: Պատճառը դա է, հիմնական հավաքագրումը 4-րդ եռամսյակում է լինում: Ամեն տարի մենք այս տոկոսային ցուցանիշն ենք ունեցել ու 4-րդ եռամսյակում կատարել ենք»:

Այնուամենայնիվ, Մեծամորի մի քանի գյուղեր դեռևս թերանում են սեփական եկամուտների հավաքման գործում: Համայնքի ղեկավարն ասում է, որ խնդիրներն առաջացել են կարկտահարության հետևանքով:

Արմավիրի մարզում հողի հարկի և գույքահարկի վարձակալության կատարողականը անցած տարվա ինը ամիսների համեմատությամբ 107 տոկոս է, տեղական տուրքերը՝ 144 ։ Իսկ պետական տուրքի գծով կատարողականն ավելի ցածր է, պակաս է հավաքվել 5 մլն դրամ:

Leave a Comment