Օկուպացված Քարվաճառում Ալիևը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջմղման ու բանակի արդիականացման մասին, իսկ ՀՀ իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը՝ խորհրդարանում․

«Մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս՝ օգտագործելով տարբեր ամբիոններ, բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:

Ավելին՝ Փաշինյանին վշտացնում է այն հանգամանքը, որ Ալիևը, խոսելով ՀՀ-Ադրբեջան բանակցություններից, Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիայի ենթարկված երկիր, իսկ իրեն էլ՝ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտ:

Ճիշտ է՝ Փաշինյանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահվածքն իրեն «ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից», սակայն, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է:

Թեև առաջին հայացքից թվում էր, որ իշխանությունն իր ասելիքը կսահմանափակի ՄԱԿ-ի ամբիոնով, սակայն պարզվեց, որ կարիք կա դրա մասին խոսելու ԵԽԽՎ-ում, նաև ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում, որտեղ փոխվարչապետ Գրիգորյանն, ի պատասխան Ադրբեջանի վարչապետի ելույթի, հիշեցրել է, որ երկկողմ փաստաթղթերից բխում է, որ ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի» ձևակերումը:

Համոզված եմ, որ իշխանությունը այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ եկած չլինեին: Ինչո՞ւ, որովհետև գործող իշխանության շահերից չի բխում հակասել  սեփական խոսույթին և հրապարակավ խոստովանել, որ Ադրբեջանն առկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրությանն իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որևէ ձևով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանությունից:

Սրան զուգահեռ, Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի շուրջ 4 տոկոսով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիևը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջմղման ու բանակի արդիականացման մասին, իսկ սրան ի պատասխան, հայաստանյան իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը, որպես 5-րդ անիվ, ուղարկում խորդանոց:

Ինչո՞ւ է Ալիևը շարունակում կոշտ, հեգնական, վիրավորական բառապաշարը․ որովհետև նրա մոտ գերիշխողը փառասիրությունն է և դիմացինին մինչև վերջ ոչնչացնելու մոլուցքը:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում․ որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը՝ իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնը, ինչ դեռ կարողանում է անել,  երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակությանը կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է»:

Leave a Comment