Կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25 տոկոսով. հարցը քննարկվել է ԱԺ նիստում

Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն, գիտություն, բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաեւ պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին իրենց համախառն եկամտի մինչեւ 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին եւ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից:

Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:

Այս համատեքստում ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական եւ հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի նշված կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք` ապահովելով կադրերի պատրաստման եւ հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ:

Նվիրատվությունները կարող են լինել ե՛ւ դրամական, ե՛ւ գույքային տեսքով:

ԲՈՒՀ-երի եւ խոշոր ու միջին բիզնեսների շրջանում իրականացված հարցումների հիման վրա կանխատեսվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25 տոկոսով:

Գեւորգ Պապոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը:

Leave a Comment